Վանաձորցի 43-ամյա Արմեն Ասատրյանը թողել էր երեք անչափահաս երեխաներին, անտեսել առողջական խնդիրներն ու կամավոր մեկնել ռազմաճակատ՝ դիպուկահարի իր հմտություններով։ Բայց, ասում է՝ պատերազմի բնույթն անկանխատեսելի էր, ռազմի դաշտում զինվորի անելիքը՝ վատ կազմակերպված։ Առաջնագիծ հասնելուց ընդամենը երկու ժամ անց ականի պայթյունից աջ ոտքը կորցրել է։ Նրան հասցրել են հիվանդանոց, հետո՝ Երևան։
«Ո՛չ ծրագիր ունեինք, ո՛չ քարտեզ ունեինք, ո՛չ հեռադիտակ, մենակ սնայպեր էր, սնայպերն ինչ, միջին տրամաչափի «Պուլիմյոտ» էլ չունեինք: Որ օրը, որ մենք գնացել ենք, 80 հոգուց 7 հոգի են ողջ մնացել, հենց նույն օրն էլ զոհվել են սաղ», - պատմեց Ասատրյանը:
Պատերազմում հաշմանդամ դարձած վանաձորցին զինվորական գրքույկում որևէ նշում չունի, որ մասնակցել է ռազմական գործողություններին։ Դրանից շատ է սրտնեղած։ Ասում է՝ պետությունն իր թեկուզ կարճատև մասնակցությունն այդ ահարկու պատերազմին չի արձանագրել. «Ասում եմ՝ ինչի՞ շտամպ չեք խփել, որ ես պատերազմին մասնակից եմ, ասում ա՝ պատճառողական կապ չկա, չի հաստատվել՝ դու պատերազմի դաշտում ես վիրավորում ստացել, թե քաղաքացիական ինչ-որ մի գործ անելուց: Այսինքն մենակ ես չեմ, բոլորն են տենց, բոլորինն էլ քաղաքացիական ա թոշակը: Պետք ա ծանոթ ունենաս, գնաս շնչերին նստես, մարդ մեջ գցես, որ վայեննի գրքույկի մեջ պեչատը խփեն, որ դու պատերազմին մասնակից ես եղել»:
Հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել բոլոր վիրավորվածների դեպքերով՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են նրանք վնասվածքներ ստացել։ Պարզելուց հետո միայն հնարավոր է՝ իրեն համարեն պատերազմի մասնակից։ Մինչ այդ պետությունից իր կրած վնասների համար որևէ արտոնություն չի ստանա։
«Պարզվեց, որ ոչ մի վայեննի զորամասի վրա ես ֆիքսված չեմ եղել, չէ՞ որ իմ վրա երկու հատ զենք ա գրանցված եղել, ասում ա՝ իրա պես գիտե՞ս քանի հոգի կան, որ անկապ զենք են ստացել, ուղարկել են», - ներկայացրեց Արմեն Ասատրյանը:
Հիմա մի կողմից փորձում է հարմարվել պրոթեզով ապրելուն ու աշխատելուն, մյուս կողմից՝ հաշտվել շրջապատի կարեկցանքի ու իր ցավոտ երազների հետ. «Երազիս մեջ միշտ տեսնում եմ, որ ոտքս վրես ա, ցավոտ ա էլի, արթնանալուց հետո տեսնում եմ, որ՝ չէ», - ասում ու ինքն իրեն լռեցնում է, թե իրենից ծանր վիճակում գտնվողներ կան։
Անգամ բարեգործների դրամական խոշոր օգնություններից հրաժարվել է, հորդորել ուրիշներին օգնել։ «Իմ ցավն ի՞նչ է որ, թեթև քերծվածք», - ասում է «Ազատության» զրուցակիցը, - «առաջին կարգի շատ մարդիկ ունենք, որ ո՛չ ձեռք ունեն, ո՛չ լսողական համակարգ ունեն, ո՛չ տեսողություն ունեն»:
Ստացած փոքրիկ օժանդակությունները հավաքել է ու ջերմոցի վերածել։ Եռակցողի ու շինարարի հմտություններ ունեցող Արմենը գործիքները հարմարեցրել է իրեն։ Բահի փոխարեն միայն ձեռքերի օգնությամբ հողը փորելու սարք է ստեղծել։ Տնամերձ հողատարածքը դրանով է փորել։ Սերմերը շուտով սածիլ կդառնան, կտնկի։ Համոզված է՝ մեկը երկու կդառնա։
Հույս ունի, որ իր աշխատանքով նաև տուն կկառուցի։ Ընտանիքն արդեն 20 տարի տնակում է ապրում, որին Արմենն իր ձեռքերով քարե տան տեսք է տվել։ Կինը, որ կարի ֆաբրիկայում է աշխատում, իրեն միշտ թև-թիկունք է եղել։ Երեք երեխաներն էլ սպորտում հաջողությունների են հասել։ Տան մի անկյունում խնամքով տեղավորել են բոլոր մրցանակներն ու պատվոգրերը։ Հետագայի համար նոր ծրագրեր ունեն՝ երեխաները լավ կրթություն կստանան, իրենք՝ ամուսիններով նոր գործ կսկսեն, ասում է նա. «Նենց չի, էլի, որ ասենք՝ չունենք, մինչև կյանքի վերջ էլ տենց պիտի մնանք, չէ, ոչ մեկն էլ իրանը մեզ չի տա, պիտի մեզ տրամադրենք, ուժ գտնենք մեր մեջ, կարելի ա ասել, արդեն հարմարվել եմ»:
«Միայն թե է՛լ պատերազմ չլինի», - աղոթքի նման հնչեցնում է Արմեն Ասատրյանն ու շշնջում, թե Հայաստանից ու Ադրբեջանից դուրս երկու ազգերը միմյանց նկատմամբ թշնամություն չեն ունեցել։ Պատմում է, որ Ռուսաստանում տարիներ առաջ աշխատելիս բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ է ունեցել, որոնք իր վիրավորվելու լուրը լսելուց հետո անգամ օգնություն են առաջարկել։ Ասում է՝ «մերժել եմ, իհարկե», բայց ավելացնում, թե ինքն էլ նրանց ի՛ր օգնությունը կառաջարկեր կարիքի դեպքում. «Ասին՝ ճիշտն ասա քանի՞ հոգու ես սպանել։ Ասի՝ որ ասեմ, կհավատա՞ք: Ասին՝ մենք քեզ միշտ հավատացել ենք։ Ասի՝ մարդ չեմ սպանել, չեմ հասցրել»։