Նաղդալյանը հայտարարում է՝ «Ադրբեջանական կողմի փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը դատապարտելի են»

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, արխիվ

«Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում:

Հատկանշական է, որ միաժամանակ ադրբեջանական կողմը քար լռություն է պահպանում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) եկեղեցու ավերման մեղադրանքների և փաստերի վերաբերյալ՝ հավանաբար չգտնելով այս հերթական բարբարոսության «արդարացման» որևէ, անգամ՝ մտացածին հիմնավորում», - նշել է ԱԳՆ խոսնակը։

Նաղդալյանն ընդգծել է, որ «միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է անհապաղ միջամտեն հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։