Հայաստանը հաղթանակով սկսեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը

Լիխտենշտեյն - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում խաղից առաջ, լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքէջից

Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը՝ Վադուցում 1:0 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ:

Խոակին Կապառոսի սաների բացահայտ առավելությամբ անցած հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ դաշտի տերերի պաշտպան Նոա Ֆրոմելթը՝ 83-րդ րոպեին Հայաստանի թիմի իրացրած տուգանայինից հետո գրավելով սեփական դարպասը:

Ընտրական J խմբում հինգշաբթի երեկոյան կայացած մյուս երկու հանդիպումներում Գերմանիայի հավաքականը Դույսբուրգում 3:0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ, Ռումինիան, նույնպես սեփական հարկի տակ, 3:2 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային:

Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Գերմանիան, Ռումինիան և Հայաստանը, մյուս երեք թիմերը միավորներ չունեն:

Մրցաշարի հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ մարտի 28-ին ընդունելով Իսլանդիայի, մարտի 31-ին՝ Ռումինիայի թիմերին: Ինչպես և Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, այդ խաղերին ևս, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի ընտրանու առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել իտալական «Ռոմա»-ի կազմում միջազգային հանդիպման ժամանակ: