Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այսօր տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։
ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:
Փոխարտգործնախարարն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառված տեսանյութին, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:
Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:
Ընդգծվել է, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: