Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով:
Լուրը ստացվել է այն ժամանակ, երբ հավաքականը պատրաստվել է երեկոյան կայանալիք ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանն Իսլանդիայի հավաքականի հետ:
«Այսօր առավոտյան ստացել ենք հավաքականի մարզիկների, մարզիչների և տեխնիկական անձնակազմի երեկվա PCR ստուգման պատասխանը, դժբախտաբար, մեկ խաղացողի դեպքում այն դրական է, նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չկան, բայց նա անմիջապես մեկուսացվել է»,- ասել է Գերմանիայի ազգային հավաքականի տնօրեն, նախկին աստղ Օլիվեր Բիրհոֆը:
Կորոնավիրուսով վարակված մարզիկի անունը չի հաղորդվում: Բիրհոֆի խոսքով, դա տհաճ լուր է, բայց թիմը մարտական է տրամադրված:
«Սա միակ դեպքն է, ամբողջ հավաքականը շատ կարգապահ է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ կանոնները պահպանելու հարցում»,- ասել է թիմի տնօրենը:
Գերմանիայի հավաքականը հանդես է գալիս նախընտրական J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը: