Վլադիմիր Պուտինը պատվաստվելուց հետո կընդարձակի այցերի աշխարհագրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա,17 մարտի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մտադիր է բազմազան այցեր կատարել:

«Ինչպես գիտեք, ես պատվաստվեցի, տեսնենք, թե ինչ ցուցիչներ կգրանցվեն, դրանից հետո կսկսեմ ընդարձակել այցերիս աշխարհագրությունը, կլինեմ այդ թվում` մշակույթի կենտրոններում և գրադարաններում»,- ասել է Պուտինը մշակույթի և արվեստի ասպարեզում պարգևների արժանացած գործիչների հետ այսօրվա հանդիպման ընթացքում:

Նա ավելացրել է, որ ցանկանում է այցելել Պատանի դերասանի մանկական երաժշտական թատրոն և տեսնել դրա նոր շենքը:

Երեքշաբթի օրը Պուտինը ստացել է ռուսական արտադրության պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահը լավ է տարել պատվաստումը և ոչ մի խնդիր կամ կողմնակի ազդեցություն չի զգում:

Պեսկովը չի ասել, թե կոնկրետ որ պատվաստանյութն են ներարկել նախագահին: Ռուսաստանում կիրառում են տեղական արտադրության «Спутник V», «Эпиваккорона» և «Ковивак» պատվաստանյութերը:

«Դրանք բոլորն էլ հուսալի են և արդյունավետ»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: