ՌԴ-ն և ԱՄՆ-ը, ըստ Անտոնովի, պետք է ոչ թե գժտվեն, այլ դիմագրավեն ընդհանուր մարտահրավերները

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Պետական դումայում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ասել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է ոչ թե գժտվեն, այլ միասին հաղթահարեն ընդհանուր մարտահրավերները:

«Ես տեսնում եմ, որ բոլոր գործընկերներս խիստ մտահոգված են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակով, քանի որ մեր երկու գերտերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ են և հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության համար, վեճերի մեջ ներքաշվելու ժամանակ չկա, պետք է միասին կոնկրետ գործեր անել և պայքարել ընդհանուր մարտահրավերների և վտանգների դեմ, իսկ դրանք շատ են»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը միշտ պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել, օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարում»:

«Մոսկվան հետաքրքրված չէ, որ մեր հարաբերություններն ընդհանրապես անդունդն ընկնեն, ինձ կանչել են, որ քննարկենք դա կանխելու ուղիները», - ասել է Անտոնովը:

Մոսկվան Վաշինգտոնից «խորհրդակցութոյունների համար» հետ է կանչել դեսպանին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույսում դրական է պատասխանել այն հարցին, թե «արդյո՞ք համաձայն է, որ Վլադիմիր Պուտինը մարդասպան է»:

Մարտի 16-ին ABC հեռուստակայանին տված այդ հարցազրույցում Բայդենը նաև ասել է, թե «Ռուսաստանը գին է վճարելու՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար»:

Պետական դումայում կազմակերպված բաց քննարկումներից առաջ Անտոնովը մասնակցվել է նաև Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի դռնփակ նիստին: