Այս օրերին Երևանի փողոցներում բազմաթիվ իրանցիների կարելի է տեսնել, մեկ տարվա դադարից հետո հարևան երկրի քաղաքացիները եկել են Հայաստան` Նովրուզը` իրանական Նոր տարին նշելու։
Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում. «Շատ լավ է այստեղ, մարդիկ լավն են, համերգի պետք է գնայի, սակայն քովիդի պատճառով չեղարկվել է, միայն խորհուրդ կտամ ավելի շատ ժպտալ, միայն ձեզ եմ տեսել ժպտալիս»:
Իրանցիներն այստեղ նաև հարյուրավոր դոլարներ են ծախսում. «Պլանավորում եմ 2000 դոլար ծախսել», - ասում է նրանցից մեկը:
Որոշները ծրագրում են Հայաստանի տեսարժան վայրերն այցելել. «Ուզում ենք Սևան գնալ, ես առաջին անգամն եմ այստեղ, նա` երկրորդ»:
Իրանցի զբոսաշրջիկների հետ աշխատում են տուրիստական ընկերությունները: Դրանցից մեկի փոխտնօրեն Սևակ Դավուդյանի խոսքով՝ Հայաստան ժամանած իրանցիների թիվը նախորդ տարիների համեմատ շատ է նվազել. «Անցած տարի ընդհանրապես չեն եկել կոռոնայի պատճառով, սահմանները փակվել էին, դրա մի տարի առաջվա հետ համեմատելով` մոտ 3-ից 4 անգամ ավելի քիչ մարդ է եկել, ընդհանուր մոտ 1200-1300 հոգի, բայց անցած տարիներին 3-4 հազարը հաստատ անցել են»:
Տուրիստական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս տարի ցամաքային ճանապարհով սահմանը հատողներն են քիչ եղել, Հայաստան են եկել հիմնականում օդանավով. «Անցած տարիներին 4, թե 4 իրանական ընկերություններ կային, որ ավտոբուսներով ամեն օր մեքենաներով գալիս էին և գնում էին, բայց այս տարի կոռոնայի հետ կապված` այդ ավտոբուսների գծերը չեն աշխատում, հետևաբար հոսքն ավելի պակաս է եղել»:
Սևակ Դավուդյանի գնահատմամբ` իրանցիների հոսքը հայկական տուրիզմին կօգնի փոքր-ինչ վերականգնվել քովիդի պատճառով արդեն մեկ տարի հսկայական կորուստներ կրելուց հետո. «Օրինակ` մարտ ամիս Նովրուզի հետ կապված հյուրանոցները բացվեցին, բոլորս էլ գիտենք, որ մարտ ամսին հիմնականում հյուրանոցներում տեղ չէր լինում, հիմնականում Պարսկաստանից էին մեր հյուրերը լինում, ինքը օգնում է, որ տուրիստները գալուց ինչ-որ դոլար բերում են, այստեղ ծախսում են, գնում են ռեստորան, հյուրանոց, հյուրանոցները մարդ են բերում աշխատանքի, վարձատրվում են: Այդ առումով տնտեսությանը բավականին օգուտ են»:
Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ հույս կա, որ զբոսաշրջության ոլորտը կվերականգնվի. «Որոշակի հարցումներ, քիչ քանակությամբ զբոսաշրջային այցելություններ սկսում են տեղի ունենալ, վերականգնման գործընթացը, իհարկե, պայմանավորված է կայունությամբ»:
Տուրիզմի ֆեդերացայի նախագահի համոզմամբ՝ 2021-ն անցած տարվանից լավն է լինելու։ 2020-ին զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կազմել է ավելի քան 85 տոկոս։