Գեղամ Ստեփանյանն ընտրվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ Գեղամ Ստեփանյանին ընտրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան։

Քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 22, դեմ՝ 8 պատգամավոր։

Քվեարկությունից հետո տեղի ունեցավ Ստեփանյանի երդմնակալության արարողությունը։

Այս պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը։ Ստեփանյանը 2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական, այնուհետև եղել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարը։

Նշենք, որ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը 2020-ի դեկտեմբերի վերջին հրաժարական տվեց, ապա նշանակվեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։