Լրագրողական կազմակերպությունները նախագահին կոչ են անում չստորագրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

Նրանք նաև կոչ են արել միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։

«Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։ Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար», - ասված է տարածած հայտարարությունում։

Լրագրողական կազմակերպությունները նշում են, որ «փաստորեն, չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը, հորդորներին ու կոչերին՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն, որը հիմնված չէ մասնագիտական խորն ուսումնասիրության ու վերլուծության վրա և հետապնդում է նեղ քաղաքական շահեր»։

Լրագրողական կազմակերպությունները վերահաստատում են, որ այս փոփոխություններով էական վնաս կհասցվի «խոսքի, արտահայտվելու ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։ Բացի այդ, սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար և դրդել նրանց ընդդեմ ԶԼՄ-ների ավելի խիստ վճիռների կայացման»։

«Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը», - ասված է տարածած հայտարարությունում։