Բանակում չծառայած քաղաքացիները առաջիկայում հնարավոր է համաներվեն և հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արխիվ

Տասնյակ տարիներ առաջ ծնողների հետ Հունաստան տեղափոխված Դավիթ Մովսեսյանն անհամբեր սպասում է կառավարության նոր նախաձեռնությանը, որի շնորհիվ, ի վերջո, կկարողանա հայրենիք վերադառնալ։

27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն և հնարավորություն ստանան Հայաստան վերադառնալ առանց որևէ նախապայմանի: «Ըստ էության տվյալ նախագիծը մեզ հնարավորություն է ընձեռում վերադարձնել այն տարիները, որ կորցրել ենք և եղել ենք մեր հայրենիքից հեռու», - ասաց Մովսեսյանը:

Պատգամավորներն ու կառավարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել։ Նախագծի համահեղինակ, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ այն կներառվի առաջիկա կառավարության նիստում, հաստատվելու դեպքում էլ՝ խորհրդարանի հաջորդ նիստում։

«Առանց նախապայմանի ամբողջ ինտելեկտուալ ներուժը հիմա պետք է ծառայի մեր երկրի կարողությունների ավելացմանը», - նշեց Քոչարյանը:

Հունաստանում ապրող 28-ամյա Էդուարդ Մաթևոսյանը, ինչպես Դավիթ Մովսեսյանը, նույնպես փոքր հասակից ընտանիքի հետ արտագաղթել է: «Բանակից չենք փախել», - պնդում էին տղաները՝ ընդգծելով՝ այս կյանքն իրենց ընտրությունը չի եղել. «Շատ-շատերն այն երկրում, որտեղ իրենք ապրում են, այնտեղի բանակում ծառայել են, նենց չի, որ բանակից փախած են»:

Ավելի վաղ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ էին ներկայացրել, որով խստացվում էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների համար նախատեսվող պատժաչափը՝ առավելագույնը 6 տարի գործող 3 տարվա փոխարեն։ Նախագիծն առաջարկում էր նաև վճարել մոտ 5,5 միլիոն դրամի կամ շուրջ 10 հազար դոլար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։

Նկատենք՝ սահմանված գումարը պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով է։ Տարեսկզբին, սակայն, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարցը հետաձգվեց: Հայտարարվեց, որ նախագիծը դեռ որոշակի լրամշակումների կարիք ունի։ Հիմա մշակվել է մեղմ, առանց նախապայմանի տարբերակը։ Այդուհանդերձ որն է պետության շահը, երբ հետպատերազմական Հայաստանում այդ գումարների կարիքին ավելի շատ է։

«Հիմա ասում ենք, որ բոլորդ եկեք, մենք ներսում մեր հարաբերությունները կճշտենք, նախ եկեք Հայաստան, ազատվեք քրեական հետապնդումից, որովհետև, այնուամենայնիվ, իրենք այս 44-օրյա պատերազմի կարիքներին իրենց մասնակցությունն ունեցել են հեռավար: Ես չեմ ուզում, որ հետագա բանակի խնդիրների լուծմանը մարդիկ մասնակցեն հեռավար: Իհարկե, շատերը նաև լինելու են հեռավար, որովհետև շատ-շատերը, որոնք շատ տարիներ առաջ իրենց ծնողների միջոցով դուրս են եկել Հայաստանից, նրանցից շատերը ստացել են բավականին բարձր կրթություն և այդ կրթությունը պետք է ծառայի մեր երկրի համար և առաջնահերթ, իմ կարծիքով, անվտանգության համակարգի համար», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Արտերկրում ապրող երիտասարդներն էլ ասում էին՝ դպրոց, բուհ ավարտել են այնտեղ, հիմա էլ աշխատում են, իրենց ճամփան արդեն ձևավորվել է, իհարկե, դժվար կլինի միանգամից անվերադարձ հավաքել ճամպրուկը, միևնույն ժամանակ ընդգծում են. «Մենք օտար ենք այստեղ ու ամենևին այնպես չէ, որ արտասահմանում ամեն ինչ հարթ է ընթանում բոլորիս կյանքում, այնպես չի, որ բոլորն իրենց ուզած աշխատանքն են անում կամ վարձատրվում են այնքան, որ Հայաստանում չեն վարձատրվի: Իսկ հոգևոր պակասը, որ մենք ունենք այս տարիների ընթացքում ոչ մի կերպ արտասահմանում չի կարելի լրացնել»:

Նախագիծը վերաբերվում է մոտ 10.000 զինապարտ տղամարդու, ասում է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ հիմա հետպատերազմական Հայաստանում պետք է անել ամեն ինչ, որ տղա երեխա ունեցողները չբռնեն նույն ուղին։ Դրա համար նախևառաջ պետք է սկսել գոնե արդեն գնացածներին հետ բերել ու ընդունել ոչ թե ձեռնաշթղաներով, այլ գրավիչ պայմաններով։

«Այս պահի համար սա շատ արդարացի է, և մենք պետք է գնանք անկախ նրանից նախկինում այդ իրավակարգավորումների համար մարդիկ վճարել են, թե չէ, այսօր հետպատերազմյան Հայաստանում էդ վճարը ոնց որ թե այս պատերազմի ընթացքում տվել են բոլորը», - ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:

Հիշեցնենք՝ դեռ անցած տարի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր կառավարությանը՝ նմանատիպ առաջարկով, բայց մերժվել էր։ Այսօր Ազգային ժողովում ողջունելով նախագիծը, այդուհանդերձ Մարուքյանը ամոթանք տվեց իշխանությանը:

«Պատերազմից առաջ անեինք, պարոն Քոչարյան, այդ հազարավոր տղաները մեր հետ կլինեին պատերազմի ժամանակ, երկու անգամ մերժեցիք: Պատերազմն ավարտվել է, հիմա դուք ուզում եք ընդունեք, ինչը ես ողջունում եմ, ապրեք շատ, բայց հիմա դուրս է գալիս՝ լավ բան ենք առաջարկում, դուք մերժում եք, հիմա նախընտրական շրջան է, գալիս եք ասում եք՝ իշխանությունը, սիրելի ժողովուրդ, ձեր համար գժվում է, էսա մի հատ ընտիր բան ենք որոշել ձեր համար անենք», - նշեց Մարուքյանը:

«Շեշտեմ, որ այս մեր նախաձեռնության մասին ես պարբերաբար «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գորգիսյանին տեղյակ պահել եմ, որպեսզի ինքը իմանա, որովհետև զանգերը Հայաստանի սահմաններից դուրս աննկարագրելի շատ են եղել», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:

Նախնական նախագծի համաձայն՝ մեկ տարի ժամանակ է տրվելու 27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիներին վերադառնալու համար, որի դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։