Սահմանադրական դատարանում (ՍԴ) սկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցի դատաքննությունը։
2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Մի դիմում էլ ներկայացրել էին Քոչարյանի փաստաբանները։
ՍԴ-ն այսօր մերժեց դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ նիստը անցկացնել բանավոր ընթացակարգով։ Այժմ Սահմանադրական դատարանն այն քննում է գրավոր ընթացակարգով։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ:
Նշենք, որ մեկ տարուց ավելի քննվող այս գործը դեռ հիմնական դատաքննության փուլ չի մտել, քանի որ դատավորն անընդհատ քննել է փաստաբանների տարատեսակ միջնորդությունները։
Այս մարտին լրացավ 13 տարին, ինչ նախագահական ընտրություններից հետո մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության ու իշխանության բախումների ժամանակ զոհվեց 10 մարդ։ Նրանց մահվան հանգամանքները դեռևս բացահայտված չեն։