Անցած շաբաթավերջին ընդունված Դատական օրենսգրքով դատավորներից բողոքող քաղաքացիները կարող են միանգամից դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ, քննելով հարցը, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։
Խորհրդարանն անցած ուրբաթ 81 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց իշխող ուժի ներկայացրած օրինագիծը։ Իշխանական պատգամավորները ողջունելով այն հայտարարում էին՝ սրանով կընդլայնվի դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, ինչին ի պատասխան ընդդիմադիրները հակադարձում էին՝ սա դատավորներին ճնշելու մահակ է։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը սա լրացուցիչ զսպող գործիք է որակում, ինչը թույլ կտա դատավորներին հիշել, որ ցանկացած որոշումից հետո իրենց գործողությունները կարող են քննարկվել ԲԴԽ-ում. «Ինչո՞ւ է վատ, որովհետև շատ լավ հասկանալով մեր դատական պրակտիկան, մեր փաստաբաններին, մեր քաղաքացիներին` հասկանում ենք նաև, որ քաղաքացիները ցանկացած գործով, երբ կկազմի ինչ-որ դատական ակտ, կամ դատավորն որոշակի գործողություններ կկատարի, որոնք քաղաքացու կամ իրավաբանական անձի շահերից չի բխում, այդ սուբյեկտն անմիջապես կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Դա լրացուցիչ ճնշում է դատավորի վրա, որովհետև իրականում այդ դիմումների մեծ մասը կարող է անհիմն լինել»:
Հաջորդ դրույթը, որ տեղ գտավ օրենքում, հնարավորություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդին դեռևս դատաքննության փուլ չմտած գործը դատավորից վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը, որը օրենքի փոփոխություններից առաջ իր տեսակետն է ուղարկել խորհրդարան, այս դրույթը ևս հակասական է որակում։ Բեքմեզյանն ասում է՝ ԲԴԽ այս կազմը թույլ չի տա դատավորից գործը վերցնելու դրույթով ճնշում գործադրել դատավորի վրա։ Բայց հետագայում այն, միևնույն է, խնդիրներ կարող է առաջացնել. «Եթե մենք օբյեկտիվորեն ենք նայում, այո, մենք ցավոք սրտի, ունենք դատավորներ, որոնք պատրաստ են քննել որոշակի բարդության գործեր, և եթե Դուք նայում եք պրակտիկան, նաև կտեսնեք, որ կան դեպքեր, երբ որ դատավորը թեկուզ և բարդության գործ է քննում, բայց շատ արագ է քննում և շատ արագ լուծում է տալիս, և կան գործեր, երբ որ դատավորները բավականին երկար ժամանակում են քննում: Միգուցե ցանկացել են այս հարցը լուծել, բայց էլի եմ ասում` վիճահարույց է վերջիվերջո որոշել, թե որ դատավորն է ավելի մասնագիտացած, որը` ավելի քիչ: Ախալ է գործընթացը կազմակերպում, սխալ է դատական գործընթացն իրականացնում, ապա կան տարբեր այլ մեխանիզմներ` այդ դատավորի նկատմամբ ներազդելու, այն է` կարգապահական վարույթ հարուցել, Բարձրագույն դատական խորհուրդ դիմել և այլն»:
Փաստաբանների պալատը, ինչպես նաև որոշ հասարակական կազմակերպություններ քննադատեցին իշխանության առաջարկները։ Վերջին պահին օրենսգրքից դուրս մնացած դրույթներից մեկով, օրինակ, կարող էր սահմանափակվել միջնորդությունների և բացարկների իրավունքը։ Խորհրդարանում բավականին երկար քննարկվեց դրույթը, որով գործը մի դատավորից կարող է փոխանցվել մեկ այլ դատավորի, նույնիսկ ակնարկներ հնչեցին, որ այս փոփոխության պատճառը սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, որը գրեթե երկու տարի է` չի մտնում հիմնական փուլ փաստաբանների ներկայացրած տարբեր միջնորդությունների պատճառով։
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հակադարձում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով դեռ չի եղել մի կրկնվող միջնորդություն, այսինքն` լրիվ նույն հիմքերով, նույն հանգամանքներով միջնորդություն, եթե այդպիսին լիներ, դուք մեկ տոկոս նույնիսկ կասկածո՞ւմ եք, որ Աննա Դանիբեկյանը և դատախազությունը չէի՞ն վկայակոչի այդ հիմքը, որպեսզի դրանով այն առանց քննության թողնվեր: Մի՛ կասկածեք դրան»:
Վարդևանյանը տարակուսում է, թե ինչպես կարելի է դատական ոլորտի բարեփոխումներ իրականացնել նման եղանակով և դատավորից արդեն օրենքով իրեն տրված գործը փոխանցել մեկ այլ դատավորի. «Ենթադրում եմ, որ դրանով ցույց տան, որ հենց որ Դանիբեկյանը մի քայլ աջ, մի քայլ ձախ անի, որը դուրեկան չի լինի, իհարկե, չեմ պատկերացնում` ինչ էլ ավելի անի տիկին Դանիբեկյանը, այսինքն` այդ ինչքան ավելի վճռականությամբ մերժի մեր միջնորդությունները, բայց բոլոր դեպքերում դրանով ուզում են ազդակ տալ, որ այդ գործը կվերցնեն իրենից»:
Օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից պարզաբանել էր, որ առանձին տեսակի կամ բարդության այն գործերը, որոնցով դատաքննությունը չի սկսվել, կարող են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով վերաբաշխվել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, մինչդեռ, պնդում է՝ սա ազդակ է նաև այլ դատավորների, որ ցանկացած պահի կարող են գործերը վերցնել իրենցից։ Արամ Վարդանևանի կարծիքով` իշխող ուժի այս դիրքորոշումը հիշեցնում է խորհրդային դատարանների մասին. «Դա, այդպես կոչված, տրոյկաների դատարան ստեղծելն է, ինչքան էլ զարմանալի է հնչում, բայց 2021 թվականին մենք վերադառնում ենք ԽՍՀՄ-ի 50-60-ական թվականների դատական համակարգին: Պատկերացնում եք, այսինքն` օրենքի հիման վրա ստեղծված դատարանին միջամտություն են անում, տալիս են իրենց համար ցանկալի դատավորին»:
Հարցին` արդյոք սա արվել է հենց սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող Քոչարյանի գործի համար, ԲԴԽ անդամ Բեքմեզյանը պատասխանեց՝ ցանկացած դեպքում իրենք որոշում են կայացնում օրենքին համապատասխան։
Հանրապետության նախագահը մոտ երեք շաբաթվա ընթացքում կա՛մ կստորագրի այս օրենքը, կա՛մ էլ կդիմի Բարձր դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: