ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ գրավման մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը, ապա և Ազգային ժողովի վրա:
Նման մի հարձակում եղավ նաև կառավարական առանձնատների հարակից տարածքում, ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից։