Գախարիան հայտարարում է` քաղաքականությունը լքել չի պատրաստվում

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարում է, որ չի պատրաստվում լքել քաղաքականությունը։ Այս մասին Վրաստանի կառավարության նախկին ղեկավարը ասել է այսօր լրագրողների հետ զրույցում։

«Չնայած շրջանառվող բազմաթիվ ասեկոսեներին, ես որևէ տեղ հեռանալ չեմ պատրաստվում։ Ավելին, ես քաղաքականությունից հեռանալ ևս չեմ պատրաստվում։ Մենք շարունակում ենք ի կատար ածել մեր նախանշած պլանը, մեր օրակարգը», - հայտարարել է Գախարիան։

Նախկին վարչապետը, սակայն, առայժմ չի հստակեցնում` արդյոք պատրաստվում է քաղաքական նոր կուսակցություն ստեղծել։

2019-ի սեպտեմբերից Վրաստանի կառավարությունը ղեկավարող Գախարիան վարչապետի պաշտոնը լքեց փետրվար ամսին՝ բողոքելով ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության մասին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճռի դեմ։