Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իշխանություններից հրապարակավ դատապարտել Հակոբ Արշակյանի պահվածքը

Լրագրողական մեկ տասնյակ կազմակերպություններ պահանջում են Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հրապարակավ դատապարտել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում բռնության դեպքերը կբացառվեն։ Այս մասին նրանք հայտարարության մեջ են նշել:

Կազմակերպությունները հիշեցնում են, որ երեկ՝ մարտի 18-ին, երևանյան սրճարաններից մեկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։ Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։

«Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում», - ասված է կազմակերպությունների հայտարարության մեջ։ Ըստ նրանց` սա վերջին ամիսներին իշխանության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության և ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսևորումն էր։

«Բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։ Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը», - շեշտում են հայտարարությամբ հանդես եկած լրագրողական կազմակերպությունները։

Նրանք իրավապահ մարմիններից էլ պահանջ ունեն` ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

«Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը», - ասված է հայտարարության մեջ: