ԱԺ-ն ընդունեց դատական ոլորտը կարգավորելու համար ԲԴԽ-ին նոր լիազորություններ տվող նախագծերը

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 81 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց իշխող ուժի ներկայացրած Դատական օրենսգրքում և իրավական ոլորտում մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը։ Կողմ քվեարկեցին իշխանական, ինչպես նաև որևէ խմբակցությունում չընդգրված երկու պատգամավորներ։ Նախագծին դեմ քվեարկեցին ընդդիմադիրները։

Օրինագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը, առավոտյան ներկայացնելով արդարադատության ոլորտը կարգավորող սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունները, ընդգծեց՝ նախագծի նպատակն է ապահովել դատական գործընթացների խելամիտ քննությունը, դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդին էլ օժտել լրացուցիչ լիազորություններով, որով այդ մարմինը իրավունք կունենա, օրինակ, դատավորից գործը վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի, քննել ձգձգվող դատական նիստերի պատճառները և այլն։ Առաջարկվող փոփոխություններով քաղաքացին կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։

«Դատարանները պետք է լինեն անկախ գործադիր, մարմնից, այլ մարմիններից, դրսի ցանկացած տեսակի ճնշումներից, բայց ոչ օրենքից: Կներեք, դատավորը պետք է առաջնորդվի սեփական համոզմամբ և օրենքով: Հիմա խոսում ենք, ինձանից ոչ ոք չկա ավելի այս դահլիճում, որն ավելի շատ է պաշտպանել դատական իշխանությունն այս երկու տարիների ընթացքում», - ասաց նա:

Նախագծի համահեղինակ Վարդանյանի հավաստիացումները, թե սա ամենևին չի նշանակում, որ փորձելու են ազդել դատավորների անկախության վրա, չհամոզեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին։ Նախկին փաստաբան, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ Հայաստանը սրանով խնդիր կունենա Եվրոպայի խորհրդում. «Չեմ կարող չխոսել, որովհետև հերթական անգամ դատաիրավական համակարգը, ըստ էության, այս նախագծերով ավելի է փչացվում, և ավելի ենք մենք պրոբլեմներ առաջացնում»:

Նախագծով սահմանափակումներ կդրվեն կողմերի միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։

Նախագծին կողմ քվեարկած անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրինակ բերեց. մի դատավարության ժամանակ երկու տարի է` նույն` խափանման միջոցի հարցն է քննարկվում: Բագրատյանի ակնարկը վերաբերում էր սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, որը մեկուկես տարի է` չի մտնում հիմնական դատաքննության փուլ: Կողմերը միմյանց են մեղադրում դատական նիստերը ձգձգելու համար, մասնավորապես մեղադրող կողմն ամբաստանյալներին է մատնացույց անում տարատեսակ միջնորդություններով դատավարությունը ձգձգելու հարցում:

Մարուքյանը հայտարարեց` չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով կսահմանափակվեն փաստաբանների իրավունքները, գործը մի դատավորից կվերցնեն և կփոխանցեն մեկ այլ դատավորի։ Դիմելով համահեղինակ Վլադիմիր Վարդանյանին՝ ընդդիմադիր գործիչն ասաց՝ իշխանափոխությունից հետո շատերն են փաստաբանի կարիք ունենում, «գոնե Ձեր մասին մտածեք». «Ժողովուրդ ջան, նայեք` ինչ է առաջարկում իշխանությունը կամ «Իմ քայլի» պատգամավորները, առաջարկում են` քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, այն դեպքում, որ չկա Հայաստանում իշխանություն, և չի եղել իշխանություն, որ իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտանների կարիք չունենք: Ախր գոնե Դուք Ձեր մասին մտածեք, պարոն Վլադիմիր Վարդանյան: Գոնե Ձեր մասին էլ չեք մտածում»:

Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հարցրեց՝ այս փոփոխությունները քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական քննարկումների արդյունքում են ծնվել. «Հարգելի պարոն Վարդանյան, երբ ես ասում եմ` խնդիրը փնտրեք ձեր մեջ և ոչ թե դատարաններում, ես նկատի չունեմ անձամբ Ձեզ, այլ նկատի ունեմ «Իմ քայլը» իշխանությանը, որն արդեն 3 տարի է` թուր ու թվանքը առած, բոլոր օրինական, հակաօրինական միջոցներով ընկել է դատարանների հետևից, և ամեն անգամ երբ դուք ինչ-որ քայլ եք անում դատարանների հանդեպ, այդ քայլն ավելի է մեզ հեռացնում անկախ դատական կայացած համակարգ ունենալու հնարավորությունից»:

Մարուքյանի և Սամսոնյանի կուսակից Տարոն Սիմոնյանն էլ տարակուսանք հայտնեց, թե բարձրակարգ իրավաբան Վլադիմիր Վարդանյանն ինչպե՞ս կարող էր նման առաջարկներ ներկայացնել։ Դատական օրենսգրքում նախատեսված փոփոխություններով իշխանությունն առաջարկում է կարգապահական վարույթ հարուցել այն դատավորի նկատմամբ, որի արարքը կարող է պարունակել կարգապահական խախտման հատկանիշներ։ Օրինակ՝ միջազգային դատարանի կամ էլ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների ուսումնասիրությունը թույլ կտա պարզելու դատավորի խախտումները։ Տարոն Սիմոնյանը դատավորի անկախության սահմանափակում է որակում այս ամենը. «Դատավորներն անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից և Բարձրագույն դատական խորհրդից ևս»:

Նախագծին կողմ քվեարկած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մինդչեռ, հայտարարեց՝ այս նախագիծն իր մեջ վեթինգի տարրեր է պարունակում. «Այն դեպքում, երբ որ վերջին օրերին մենք ակնհայտորեն նորից տեսնում ենք, թե դատական համակարգն ինչպես է փորձում ատամ ցույց տալ երկրում որոշ գործընթացների վերաբերյալ, և դա ակնհայտորեն քաղաքական դիրքորոշում է, և դա ակնհայտորեն մեր երկրում հստակ դիրքավորում է ընդդեմ ժողովրդավարության»:

«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն, իր հերթին կողմ լինելով այս փոփոխություններին, որոշ հարցեր բարձրացրեց: Ասաց` նախագիծը վերանայման կարիք ունի. «Իմ հարցերը, որոնք հնչեցրի նախագծի հետ կապված, բխում էին այն մտավախությունից, որ չլինեն գերկարգավորումներ այն հաշվառմամբ, որը կսահմանափակի դատավարության մասնակիցներին` իրականացնելու իրենց դատավարական իրավունքները որպես պաշտնական կողմ կամ որպես մեղադրող կողմ, սա քրեական դատավարության առումով»: