Ոսկեպարի երեխաները որոշել են զինվոր դառնալ, որ պաշտպանեն հայրենիքը

Ոսկեպարցի 7 տարեկան Արմանն արդեն ռումբ էլ է տեսել, ռումբերի ահարկու ձայներն էլ լսել, պատերազմի սարսափն էլ զգացել։

«Իմ հայրիկի էի հետ գնացել էի անտառ մեր կովերին գտնելու։ Կրակում էին անընդհատ, ես ու հայրիկս մի կերպ փախանք։ Կովերն էլ քոլի միջին էին», - պատմում է Արմանը։

Դասընկերների հետ իրար հերթ չտալով պատմում են, թե ինչպես են հարազատներին ռազմաճակատ ճանապարհել, այգում խաղաղ գործ անելիս փախել ռմբակոծությունից ու անգամ սահմանն անցած անասունին սողեսող ետ բերել։

Ոսկեպարի դպրոցի երկրորդ դասարանի 10 աշակերտներից միայն երկուսն են աղջիկ։ Տղաների հիմնական մասն ասում է՝ զինվոր են դառնալու, պաշտպանելու են հայրենիքը, հանկարծ հակառակորդը մոտ չգա իրենց սահմանին։ Ոմանք էլ թե՝ երգիչ կդառնան՝ իրենց հայրենասիրական երգերով։

Իրենց կյանքում երբեք ադրբեջանցու չհանդիպած երեխաները լավ ճանաչում են հարևան երկրի դրոշը, որն անգամ տան պատուհանից է երևում։

Ավելի մեծերը լավ գիտեն խաղաղության գինը։ 11-րդ դասարանցիները փոքրերի նման էլ չեն ուզում զինվորական դառնալ։ Ասում են՝ համագյուղացի ընկերներից շատերը տարիներ առաջ հեռացել են գյուղից։ Չեն դիմացել սովորական դարձած կրակոցներին․ - «Մեզ համար արդեն սովորական բան ա։ Ամեն վայրկյան էլ կարա կրակոց լինի, մենք դրան սովոր ենք»։

«Մարդիկ չեն ձգտում էստեղ ապրեն, էստեղ ինչ-որ գործ սկսեն, որովհետև գիտեն սահման ա, ու խաղաղությունն էլ միշտ մնայուն չի լինելու։ Դրա համար մարդիկ ձգտում են ուրիշ տեղեր ապրեն, որտեղ իրանք ավելի շատ կարողանան զարգանան»։

Տնօրեն Իրինա Աղամյանն ասում է՝ վերջին տարիներին դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի ավելացել է։ Անգամ հատուկենտ գյուղ տեղափոխված ընտանիքներ են եղել․ - «Օրինակ, անցյալ տարի ունեցել ենք 69 աշակերտ, էս տարի՝ 76»։

Բայց Նվեր Բեգլարյանը, որ 93 թվականից Ոսկեպարի դպրոցում է աշխատում ու մի քանի տարի ղեկավարել է այն, շեշտում է, որ առաջներում Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների նկատմամբ օրենքով ամրագրված առանձնահատուկ վերաբերմունք կար։ Անկախ աշակերտների թվից, սահմանային գյուղերի դպրոցներն ունենում էին միջնակարգ դպրոցների բոլոր հաստիքները։ 2000-ականներին փոխեցին կարգը, Ոսկեպարի 70 աշակերտ ունեցող դպրոցն ու մայրաքաղաքի հազարավոր սովորողներ ունեցող հաստատությունները նույն կարգով են ֆինանսավորվում, աշակերտների թվի համեմատ ապահովվում մասնագետներով։ «Արդյունքում սահմանամերձ գյուղի դպրոցի էրեխեն պետք է սովորի երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, քառակոմպլեկտ դասարանում։ Ստեղ մեխանիկորեն խախտվում ա նրա կրթություն ստանալու իրավունքը», - ասում է Բեգլարյանը։

Հարցը տարիներ շարունակ բարձրաձայնել են, բոլորը համաձայնել են իրենց հետ, խնդիրը ձևակերպել, բայց ո՛չ լուծումներ են գտնվել, ո՛չ էլ լուծողներ․ - «Սահմանամերձ գյուղերի մասին հիշում են էն ժամանակ, երբ կա՛մ ընտրություններ են, կա՛մ էլ սենց էքսկլյուզիվ պահեր ա լինում։ Բայց քաղաքականությունը սահմանի գյուղերի նկատմամբ տարվում ա տարիներ ի վեր շատ սխալ»։