Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի դատավոր Դանիելյանի կայացրած դատական ակտը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ Այս մասին հայտնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։

Վճռաբեկ դատարանը, երեկ քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ առաջին ատյանի դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

«Դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ շուրջ երկու տարի հնչեցված բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև՝ էական դատավարական խախտում էին», - հայտարարում է նախկին նախագահի փաստաբանական թիմը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկինում մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այդ ժամանակ՝ 2019-ի մայիսին, Քոչարյանը կալանքի տակ էր գտնվում։ Գրիգորյանը ոչ միայն կասեցրել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահին առնչվող քրեական գործը, այլև նրան ազատ էր արձակել կալանքից։

Դրանից հետո մեղադրող և տուժող կողմերը դիմել էին Վերաքննիչ դատարան՝ բեկանելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները։ Արդյունքում Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել էր նրանց բողոքները՝ բեկանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները։ Արդյունքում երկրորդ նախագահին կալանավորելու որոշում էր կայացվել, ինչպես նաև Արմեն Դանիելյանը բեկանել էր Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։