Ատլանտայում 8 մարդ է սպանվել

Ատլանտայի ոստիկանները Gold Spa մերսման սրահի մոտ, Ջորջայի նահանգ, ԱՄՆ, 16 մարտի, 2021թ.

Ջորջիայի նահանգի Ատլանտա քաղաքում երեկ տեղի են ունեցել հրազենի կիրառմամբ միջադեպեր, որոնց հետևանքով սպանվել է 8 մարդ:

Ձերբակալվել է 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգը: Զոհերի մեծ մասն ասիական ծագում ուներ, սակայն ոստիկաններն ընդգծել են, որ այս պահին դեռ չեն կարող այդ հանգամանքը նշել որպես սպանության հնարավոր դրդապատճառ:

Հարձակվողը նախ հինգ մարդու վրա կրակ է բացել Youngs Asian մերսման սրահի մոտ, երկուսը տեղում սպանվել են, երեքը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ ևս երկուսն են մահացել: Ապա երեք մարդ սպանվել է Gold Massage մերսման սրահի մոտ, և ևս մեկն էլ՝ Aroma Therapy սրահի մոտ:

Ատլանտայում Հարավային Կորեայի հյուպատոսարանը հայտնել է, որ զոհերից 4-ը ծագումով կորեացի են:

Ենթադրյալ հարձակվող Լոնգը փորձել է մեքենայով փախուստի դիմել, սակայն Ջորջիայի նահանգի ոստիկանները նրան հետապնդել են և հենց մայրուղում ձերբակալել են: