Բելառուսում դատապարտվել է ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ավելի քան 400 մասնակից

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանության բաժանմունքում, Մինսկ, 14 օգոստոսի, 2021թ.

Բելառուսում 2020 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի և երթերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են: Հարյուրավոր մարդիկ դատապարտվել են:

«Ապօրինի միջոցառումներին մասնակցելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով այսօրվա դրությամբ հարուցվել է 468 քրեական գործ 631 քաղաքացիների նկատմամբ, նրանցից ավելի քան 400-ն արդեն դատապարտվել են տարբեր պատժաչափերի»,- հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազությունը:

Իրավապահների փոխանցմամբ, դատապարտվածների թվում են մարդիկ, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, հրապարակավ սպառնացել կամ վիրավորել են նրանց, ոչնչացրել են մասնավոր սեփականությունը կամ հեգնական վերաբերմունք են դրսևորել պետական խորհրդանշանների նկատմամբ:

2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մեծ առավելությամբ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի ընդդիմությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները կեղծել են արդյունքներն, իսկ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել համատարած խախտումներ:

Ընտրություններից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել, բախումներում սպանվել է մի քանի մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածքներ են ստացել:

Արևմուտքը չի ճանաչել այդ ընտրությունների արդյունքները և պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական Մինսկի նկատմամբ:

Լիտվայում ապաստանած ընդդիմադիր լիդեր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ըստ ընդդիմության, հաղթել է ընտրություններում, այսօր պետք է մասնակցի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումներին՝ «Կանանց դերը Բելառուսի դեմոկրատական շարժման մեջ» թեմայով: