Թրամփը դեռ չունի որոշում 2024 թվականի նախագահական ընտրությունների հարցում

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դեռ չի որոշել, թե արդյոք կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում:

«Բոլոր հարցումները վկայում են, որ մարդիկ ուզում են, որ ես առաջադրվեմ, տեսնենք, պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել Ներկայացուցիչների պալատում»,- ասել է Թրամփը:

Fox News հեռուստակայանի թղթակցին հեռախոսով տված հարցազրույցում Թրամփն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեմային:

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված մի շարք հարցումների արդյունքների համաձայն, հանրապետական կուսակցության աջակից համարվող տղամարդկանց գրեթե կեսը չի ցանկանում պատվաստվել: Խոսելով այդ մասին, Թրամփն ասել է, որ վակցինան շատ կարևոր է, և բոլորին խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

«Այո, ես խորհուրդ կտամ պատվաստվել, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իմ ընտրողներն են և չեն ուզում պատվաստվել, իհարկե, մենք ազատ ենք, կարող ենք ինքներս որոշել, բայց դա շատ լավ վակցինա է և աշխատում է»,- ասել է Թրամփը:

Հարցազրույցում նա պնդել է, որ մեծ դեր է կատարել պատվաստումների ծրագիրը երկրում իրականացնելու համար և քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը մի շարք ասպարեզներում: