Մոսկվայի հետ ակնկալում ենք ունենալ եղբայրական հարաբերություններ. Դավիթ Բաբայան 

Պաշտոնական Ստեփանակերտը ակնկալում է Մոսկվայի հետ հաստատել եղբայրական հարաբերություններ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Ազատություն». - Այսօր Արցախում անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապաները, Մոսկվայի հետ Ստեփանակերտն ինչպիսի՞ հարաբերություններ է ցանկանում ունենալ:

Դավիթ Բաբայան. - Այո, անվտանգության կարևորագույն երաշխավորը նաև այս պահի դրությամբ ռուս խաղաղապահներն են, և բանակն է, որ սա արդեն նոր որակ է հաղորդում անվտանգության համակարգին և նոր համակարգ է ձևավորվել: Ի՞նչ հարաբերություններ ենք ակնկալում, գործնական, եղբայրական, որպեսզի մեր երկրի, մեր պետության, ժողովրդի անվտանգությունը բարձր լինի:

Բաբայանը ռուսահայ համայնքը Արցախին կապելու մտադրությամբ բացատրեց Ստեփանակերտի որոշումը՝ ռուսերենը դարձնել պաշտոնական երկրորդ լեզու՝ հիշեցնելով, որ Սփյուռքը միշտ կարևոր նշանակություն է ունեցել Արցախի արտաքին քաղաքականությունում։

Դավիթ Բաբայան. - Մեր Սփյուռքի ամենամեծ հատվածը Ռուսաստանում է՝ 3 միլիոնից ավելի հայ է ապրում Ռուսաստանում, և այդ Սփյուռքի կառուցվածքում մոտ 1 միլիոնը ծագումով Արցախից են: Մենք այս վիճակում՝ Արցախը փոքրացած, մեկուկես մելիքության տարածք ունեցող, այս պահի դրությամբ, իհարկե, պետք է աջակցություն նաև, գործուն աջակցություն Սփյուռքից, նույն Սփյուռքի արցախյան հատվածից: Այդ մարդկանց համար ռուսերեն լեզուն նույն երկրորդ մայրենին է, երբ որ մենք դարձնում ենք դա երկրորդը, չեմ ասում պաշտանական, միակը՝ երկրորդը, ի՞նչ վատ քայլ կա այստեղ, ընդհակառակը, չէ՞, այդ մարդկանց կապում ենք հայրենիքի հետ:

Արտգործնախարարը չբացառեց, որ Արցախի ու Ադրբեջանի միջև որոշ ենթակառուցվածքներ կարող են հեռավոր ապագայում վերագործարկվել՝ ճի՛շտ է, ռուսաստանցի խաղաղապահների կողմից։

«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի պարագայում, Արցախի և Ադրբեջանի միջև ճանապարհները վերաբացվեն:

Դավիթ Բաբայան. - Ինձ թվում է՝ եթե նույնիսկ այդպիսի սցենար կարելի է պատկերացնել, դա հեռավոր ապագայի խնդիր է: Այսինքն պետք է գոնե ինչ-որ տեղ լինի ժողովուրդների միջև պատմական հաշտեցում, իսկ մենք դեռևս շատ ու շատ հեռու ենք դրանից: Չի բացառվում, որ որոշ ենթակառուցվածքներ աշխատեցվեն, հատկապես խաղաղապահների կողմից, որովհետև խաղաղապահ առաքելությունը իրականացնում է որոշ տրանսպորտային աշխատանք, ոչ թե Ադրբեջանի և Արցախի միջև, ավելի շուտ Ադրբեջանի տարածքից դեպի Արցախի տարածքը նրանք տարբեր առաքելություններով հատում են՝ նույն որոնողական աշխատանքները իրականացնելու և այլն: Նման բաներ կան, բայց լիարժեք համագործակցության վերականգնման համար, երբ որ Ալիևը գալիս է և Շուշիում տեսնում եք ինչպիսի հայտարարություններ է անում և այլն, շատ ու շատ վաղաժամ է խոսել այդ մասին:

«Ազատություն». - Օրերս Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրային հեռուտաընկերության հետ զրույցում ասաց, որ Արցախը շարունակելու է ունենալ զինված ուժեր, բայց չմանրամասնեց՝ ի վերջո ինչպիսի զինված ուժեր պետք է լինեն: Այս հարցի հետ կապված Ստեփանակերտում կա՞ արդեն որոշակիություն՝ ինչպիսի զինված ուժերի մասին է խոսքը:

Դավիթ Բաբայան. - Ընդհանրապես զինված ուժերը բավականին դինամիկ հասկացություն է, և անընդհատ պետք է ժամանակի պահանջները հաշվի առնվեն, և՛ ժամանակի պահանջները, և՛ իրականությունը: Այն, որ Արցախը պետք է ունենա զինված ուժեր և բանակ, սա այլընտրանք չունի: Առանց զինված ուժերի չկա Արցախի ապագան, անհնարին է դա, հատկապես նման հարևան ունենալու պարագայում, ինչպիսին է Ադրբեջանը: Բայց զինված ուժերը նաև պետք է ենթարկվեն համապատասխան մոդերնիզացիայի, պետք է անընդհատ ավելի նոր որակ ստանա բանակաշինությունը: Իմ պատկերացմամբ, միգուցե, եթե մենք ունենայինք եգերական ուժեղ զորագնդեր, Արցախի տարածքը մինչև պատերազմը 30 տոկոսը գրեթե անտառածածկ է եղել, եգերական ստորաբաժանումներ եթե ունենայինք, ես միշտ այդ գաղափարն առաջարկում էի, այսինքն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալներ են, ովքեր կարող են և՛ անտառներում, և՛ սարերում, ձորերում շատ էֆեկտիվ աշխատանք և մարտական գործողություններ կատարել, այս բաղադրամասը նոր որակ կհաղորդեր: Հիմա ես մնում եմ այդ գաղափարի կրողը, որ պետք են մասնագիտացած զինվորական ստորաբաժանումներ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.