Իշխող «Իմ քայլից» ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի համարում, թե «Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ) կողմ է արտահերթ ընտրություններին։
Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Սիմոնյանն այսօր ընդգծեց՝ ԼՀԿ-ն գտնելու է բազմաթիվ պատճառներ արտահերթ ընտրություններից խուսափելու համար։
«Ես համարում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ ընտրություններ պետք չէ անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որպեսզի խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածն իր դիրքը կարևորելու համար։ Այդպես եմ կարծում, որովհետև լավ եմ ճանաչում գործելաոճը և մշտապես գիտեմ, որ ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների և պատճառների բերումով այդ պայմանավորվածությունից, այդ հայտարարությունից, կամ էդ իրավիճակից խուսանավել, հայտնի գործելաոճ է», - ասաց Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ ԱԺ փոխխոսնակը վստահություն հայտնեց, որ թե՛ ԼՀԿ-ն, թե՛ շատուշատ ընդդիմադիր գործիչներ «չեն ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատերը՝ գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու»։
Հիշեցնենք՝ օրերս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմ են արտահերթ ընտրություններին, եթե ընտրությունները տեղի ունենան մինչև հունիսի 1-ը։