Երևանի ավագանու նիստում այսօր ներկայացվեց բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Երևանի նախորդ տարվա բյուջեով ավելի քիչ ծախս է կատարվել, քան նախատեսված էր՝ 170 միլիոն դոլարի փոխարեն 150 միլիոն։

«Սա քաղաքային կառավարման ձախողում է»,- իր եզրափակիչ ելույթում ասաց ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու նախատեսված ծախսերը ներկայացրեց տոկոսներով՝ բյուջեն 36,5 տոկոսով չի կատարվել․ - «Լավ կառավարիչ քաղաքապետը հենց ստանար թղթերն ու տեսներ ծախսերի կատարողականը, հաջորդ թուղթը պիտի լիներ հրաժարականի դիմումը»։

Խաժակյանը նաև նշեց, որ 2006 թվականից ի վեր կատարողականի այսպիսի ցածր ցուցանիշ չի եղել․ - «Ինձ նաև հետաքրքրեց, թե Վանաձորի և Գյումրի քաղաքների պարագայում կատարողականները ի՞նչ վիճակում են։ Տեսա, որ մենք վատ իմաստով չեմպիոն ենք։ Բոլորը մանդատները դնելու տարբերակը գուցե չկա, բայց երևի պետք է հայտարարեին՝ ժողովուրդ ջան, կներեք, մեզ մոտ չստացվեց։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, որ «Իմ քայլը» դաշինքի մոտ չի ստացվել։ Էս թիվը ոչ թե վատն է, էս թիվը ձախողում է նշանակում»։

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամներից բացի, քաղաքային իշխանության և հենց քաղաքապետ Մարությաին ուղղված քննադատությամբ հանդես եկան նաև ԲՀԿ-ականները՝ ակնարկելով, որ խնդիրներ կան քաղաքապետի ու ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցություն, ինչպես նաև քաղաքային իշխանության և կառավարության հարաբերություններում։

Ակնարկներին Մարությանը չարձագանքեց, իսկ բյուջեի թերի կատարողականին ադրադառնալով՝ ասաց, որ չնայած քովիդի ու պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին, այդուհանդերձ վերելակները տեղադրվել են, նոր ավտոբուսների մի մասը շահագործվում է։

Քաղաքապետը պարզաբանեց, թե ինչպես է ազդել համաճարակն ու պատերազմը որոշ ծրագրերի վրա․ - «Շատ ընկերությունները նաև ուղղակի, կներեք, որ էսպես եմ ասում, քաշվել են։ Այսինքն՝ իրենք ունեն հաղթած տենդերներ և ուղղակի չկարողացան իրականացնել թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ դրսից ներկրվող մատերիալների․․․ թե՛ շինարարական, թե՛ այլ գործունեության, նույն բժշական սարքավորումների։ Այս ամենը մեծագույն խոչընդոտ է հանդիսացել։ 300 միլիոնի միան անցումների տենդերներ է դրված․ չեն եկել, չեն մասնակցել։ Ինչո՞ւ։ Որովհետև պարզ է, մարդը հասկանում է, որ գա, մասնակցի, հաղթի, էս սահմանափակումների վիճակում չի կարողանալու կատարել աշխատանքները և, բնականաբար, ընկնելու է սև ցուցակ։ Բոլորը անընդհատ հույս էին փայփայում, որ այս վիճակը կանցնի և թեկուզ տարվա երկրորդ կեսից իրենք կսկսեն աշխատել»։

Դավիթ Խաժակյանը նաև ներկայացրեց կառավարության հրաժարականը պահանջող իր ուղերձի նախագիծն ու պնդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Թեման շարունակեց ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը։ Նա դիմեց ավագանու իշխող խմբակցությանը՝ ասելով՝ վաղը դուք եք պատասխան տալու ձեր երեխաների առաջ։ Նրան տեղից հակադրվեց ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը, հետո իմքայլականները տեղից արձագանքեցին։ Արմեն Ներսիսյանը, թողնելով ամբիոնը, մոտեցավ իրեն տեղից արձագանքողներին, և սկսվեց վիճաբանություն։

Մինչև վիճաբանությունը Դավիթ Խաժակյանը նույնպես նշեց, որ հակասություններ է նկատում կառավարության ու քաղաքային իշխանության միջև․ - «Ժամանակ առ ժամանակ այն նախաձեռնությունները, որոնք կառավարությունը փորձում է ավագանում տապալել իրենց մոտ ավագանու անդամների միջոցով, մենք մեկ էլ տեսնում ենք, որ քվորում սկսում է չձևավորվել, ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Օրինակ, նախորդ նիստին բյուջեի քննարկումներից մեկը հենց այդպիսին էր։ Բայց քաղաքապետը դեռևս կարողանում է «Իմ քայլի» բավարար թվով անդամների իր համախոհության ներքո պահել»։

Ընդիջմանը մոտեցանք զրուցող ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամների։ Հետաքրքրվեցինք, թե ինչ լարվածությունների մասին են ակնարկում և խոսում իրենց ընդդիմադիր գործընկերները։ Բոլորը միաբերան հերքեցին, թե տարաձայնություն կամ լարվածության կա իրենց և քաղաքապետի միջև։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ներկայացրած կառավարության հրաժարականի նախագծին դեմ քվեարկեց նույն խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն ու ասաց, որ նախագիծը հակասում է իրենց կուսակցության դիրքորոշմանը։ Նա նաև իշխանւթյունից պահանջեց առանց նախապայմանների գնալ արտահերթ ընտրության։

Նախագիծը բացասական եզարկացության է արժանացել նաև քաղաքապետարանի իրավական հարցերով հանձաժողովի կողմից։ Նախագծին կողմ քվեարկեց ԲՀԿ-ն։ Այսպիսով, կառավարության հրաժարականը պահանջող Դավիթ Խաժակյանի ներկայացրած նախագիծը 28 դեմ, 5 կողմ և 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով չընդունվեց։