Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։

«Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, և Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», - հայտնեցին ՀՔԾ-ից:

Վանեցյանը, այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Արթուր Վանեցյանը և ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ մեղադրյալ են մեկ այլ՝ 44-օրյա պատերազմից հետո հարուցված քրեական գործով։ Ըստ նախաքննական մարմնի, քրեական գործը հարուցվել իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։

Վանեցյանը և մյուսները մեղադրանքը չեն ընդունում, ավելին՝ հայտարարում են քաղաքական հետապնդման մասին: