16-ամյա երիտասարդը մնացել է ընտանիքի միակ կերակրողը

44-օրյա պատերազմից հետո Լեռնանցքի 16-ամյա բնակիչ Հրաչն իր ուսերին է առել ընտանիքի հոգսը։ Տան մեծերը՝ հայրն ու ավագ եղբայրը չկան։ Հոր՝ Խաչիկ Բադալյանի դին անցած ամիս են հողին հանձնել։ 19-ամյա եղբայրն անհայտ կորած է։

Հրաչը երկու տարվա կրթությունից հետո ուսումը ռազմական կրթահամալիրում կիսատ է թողել ու վերադարձել հարազատ գյուղ՝ մոր, 7 տարեկան քրոջ ու 10 տարեկան եղբոր մոտ։

«Ով որ չի տեսել էդ ցավը, ոչ մեկ չի կարա զգա էդ ցավը, որովհետև տան էրկու աշխատողները․․․ ճիշտ ա, ես էլ աշխատասեր ու նաև փոքր ախպերս։ Բայց դե էնքան չենք կարա անենք, ինչքան որ իմ մեծ ախպերն ու իմ հերն են արել։ Իրանք դրսի պատն են, դրսի պատը որ քանդվեց, տունը ո՞նց կարա տուն դառնա», - դառնացած ասում է երիտասարդը։

Ընտանիքն 90-ականներից հետո Քելբաջարում էր բնակություն հաստատել։ 2018-ին վերադարձել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղ։ Ավտոտնակը կացարան են դարձրել, հետո այստեղից-այնտեղից հայթայթած շինանյութն իրար կպցրել, կողքին մի սենյակ ավելացրել, պատուհաններն ապակու փոխարեն պոլիէթիլենով փակել, հողե հատակը՝ կտորով ծածկել։ Թվում է թե ազբեստի կտորներով հավաքած առաստաղն ամեն վայրկյան կարող է փլվել։

Այրի դարձած մայրը՝ Հայկանուշն ասում է, որ երբեք չեն դժգոհել։ Ամուսնու և որդիների հետ ուրիշի համար շինարարություն են արել՝ հույսով, որ մի օր իրենց տունն էլ կարող են բարեկարգ դարձնել․ - «Ինչ արել ենք ամուսնուս հետ, թիկունք եմ եղել․․․ մաքրել ել եմ, քանդել էլ եմ, պատ էլ ենք փլել, ամեն գործ էլ արել ենք»։

Բայց պատերազմը սպանեց բոլոր հույսերը։ Նոր կյանք մտնող Հրաչը մտքերն իրարով է տալիս ու իրավիճակից դուրս գալու ելքեր չի գտնում։ Երկու հասուն տղամարդու արածն իր համար գոնե առայժմ անիրագործելի է թվում․ - «Ես էլ չեմ պատկերացնում ոնց պետք ա անեմ։ Չեմ էլ պատկերացնում, որ կարամ անեմ։ Ճիշտ ա, իմ մերս, իմ մեծերը, հոքիրներս, բարեկամներս ասում են, որ դու ուժեղ ես, կարաս անես, բայց մենակ էտի գիտեմ, որ դատարկ խոսքեր են, էնքան որ ոգևորելու համար են։ Սաղ էլ գիտեն, որ հաստատ չեմ կարա անեմ։ Ես էլ եմ շատ ուզում անեմ ու պարտավոր եմ անեմ, բայց գիտակցում եմ, որ չեմ կարա մենակ անեմ»։

Հայկանուշը պատմում է՝ ամուսինն ու որդին պատերազմից առաջ շինարարություն էին անում Երևանում։ Արձակուրդի օրերին նրանց էր միացել նաև Հրաչը։ Տնից հեռու չորս ամվա աշխատանքից հետո որոշել են տուն վերադառնալ։ Բայց ճանապարհին իմացել են պատերազմի լուրն ու փոխել ուղղությունը դեպի ռազմաճակատ։

Հայր ու որդի կռվի դաշտում միասին են եղել։ Հայկանուշն ասում է՝ նրանք վերջին անգամ հոկտեմբերի 6-ին են զանգել՝ պատերազմի մեկնարկից տասն օր անց։ Մինչև հիմա չի հաշտվում մտքի հետ, որ առողջական խնդիրների պատճառով զինծառայությունից ազատված որդին առանց մտածելու ռազմաճակատ է մեկնել․ - «Ինքը էղել ա մինչև վերջ հոր հետ։ Հոկտեմբերի 6-ին խոսացել ենք։ Իրանք չէին ասում, թե ստեղ կռիվ ա։ Հայկուշ, ամուսինս ասում էր, պապին ու տատին լավ են․․․ կամ որ կրակում էին, ասում էր կարկուտ ա գալիս։ Արդեն հասկանում էի ամուսնուս»։

Դեռ սպասում է, որ մի օր որդին կզանգի ու էլի կասի՝ «Մամ, գալիս եմ, իմ սիրած ուտելիքները պատրաստիր»։

«Ախպորս մինչև վերջ սպասում եմ։ Չնայած ես ներկա պահին հորս էլ եմ սպասում։ Բայց դե իրականությունը մնում ա իրականություն․․․»