Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին առաջարկում է հրաժարական տալ և անձեռնմխելիության երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սա պետության, ժողովրդի ու Փաշինյանի շահերից բխող միակ ելքն է։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սա անիրատեսական է համարում. «Իրատեսական չէ նախ այն առումով, որ մեր առաջին նախագահը երևի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց: Այսօր կարծում եմ՝ հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանն ունի առաջնային մանդատ և դրանից ելնելով ինքը դրա համար առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծենք իշխանությունների խնդիրը»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ վարչապետի հրաժարականից հետո պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը: Անկուսակցական փոխվարչապետը Մհեր Գրիգորյանն է: Իշխանական պատգամավորները կոշտ են արձագանքում նաև այս առաջարկին։
«Կարող է առաջարկեր Լևոն Զուրաբյանին էլ, հո այդպես չէ՞ր կարող լինել: Վերջին հաշվով այստեղ քաղաքական մեծամասնությունն ունի առաջնային մանդատ», - նշեց Քոչարյանը:
Հայաստանի նախկին ղեկավարի այս հրապարակումը հաջորդեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։ Մանուկյանը ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ էր առաջարկել՝ ռազմական հեղաշրջումը, շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին տարբերակը հակասահմանադրական է համարում, երկրորդը՝ ժամանակավրեպ և համամիտ է միայն երրորդ տարբերակի հետ: «Այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին», - կանխատեսում է նախկին նախագահը:
«Վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը», - նշել է Հայաստանի առաջին նախագահը:
«Ես կուզեի, որ առաջին նախագահը վերլուծեր բոլոր ընտրությունները և նաև իր հրաժարականի բուն պատճառները, այդտեղ կլիներ շատ ազնիվ և ոչ թե առաջնային մանդատով օժտված, լեգիտիմությամբ օժտված իշխանություններին գրողի ծոցն ուղարկելու առաջարկով հանդես գար», - արձագանքում է Քոչարյանը:
Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Տեր-Պետրոսյանի առաջարկը որակում է փախուստ պատասխանատվությունից. «Չի՞ մտածում, որ այս տարբերակը խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է մարդկանց հավատը ժողովրդավարության հանդեպ, մարդկանց մոտ ամրապնդում է այն միտքը, որ ընտրված վարչապետը պետք է փախչի պատասխանատվությունից, դժվարություններից, խնդիրներից, ինչպես վարվեց ինքը տարներ առաջ, երբ պետք էր պատասխանատվություն ստանձնել պետության և ժողովրդի ճակատագրի համար», - նշեց Լենա Նազարյանը:
Ազգային ժողովի փոխխոսնակը զարմացած է՝ այդ ի՞նչ հիմքերով են պնդում, որ իրենք վարչական ռեսուրս են գործադրելու ու ընտրություն են կեղծելու. «Երբևէ ընտրություն չկեղծած վարչապետին մեղադրում են, որ հնարավոր է նա ընտրություն կեղծի, ես հիմա պետք է արդարանամ մի բանի համար, որ երբեք չենք արել ու չենք անելու: Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը հակաժողովրդավար են»:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչական ռեսուրսի գործադրման ամենաթարմ օրինակն է հիշեցնում՝ Փաշինյանի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին մարդիկ հենց այդ վարչական լծակներով են բերվել. «Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, դա մաստեր կլաս էր վարչական ռեսուրսի կիրառման»:
Ընդդիմադիր պատգամավորը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ելքի վերաբերյալ վերապահում ունի, կանխատեսումների հետ համաձայն է. «Լևոն Տեր-Պետրոսյանը այն եզակի մարդկանցից է, ով հրաշալի ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, դա փաստ է: Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքների և արտերկիր տեղափոխելուն, այստեղ ես չպետք է համաձայնեմ իմ կողմից հարգված հանրապետության առաջին նախագահի հետ: Այո, Նիկոլ Փաշինյանին և իր կնոջը պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, պետք է անպայմանորեն տրվի հումանիտար վիճակ, բայց միայն մեկ նպատակի համար, դատարանի առջև կանգնելու և բազմաթիվ հարցերի պատասխանը տալու համար»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարվեցին արձագանքել Տեր-Պետրոսյանի գնահատականներին ու կանխատեսումներին։ Խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարներն էլ հայտարարել են՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են համարում և պատրաստ են Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել։