Կառավարության առաջարկած փոփոխության համաձայն կարող է կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն։
«Այս նախագիծը խտրական է և ուղղված է ՄԻՊ-ի գործունեությունը սահմանափակելուն»,- այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսում է վերացնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և Ազգային ժողովում կառավարող խմբակցությունից, և այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը: Ստացվում է՝ եթե Մարդու իրավունքների պաշտպանն այնպես աշխատեց, որ կարող է, օրինակ, դուրս չգա կառավարությանը կամ կառավարող խմբակցությանը, որովհետև ես նշեցի հիմնավորումները, ապա կարող է բյուջեն նվազեցնել, և դու ոչինչ չես կարող անել պարզապես», - ասաց Թաթոյանը:
Կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը, ըստ որի՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից: Ըստ նախագծի հեղինակների՝ սրա նպատակն է ապահովել բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքները։
«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, այս նախագիծը ընդունվել դեպքում՝ դիմելու եմ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը, ավելին, միանգամից միջնորդելու եմ կասեցնել այս դրույթի գործունեությունը, որովհետև դա կարծում եմ, այնպիսին է, որ հանգեցնելու է, նաև խնդիրներ է առաջացնելու երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար: Սա, այս կառույցի էության մեջ չխորանալու, դա չգիտակցելով, չիմանալու արդյունք է, որ սա հանգեցնելու է միջազգային ագրետացիայի, որ սա բոլորովին այլ սկզբունքներով աշխատող հաստատություն է», - ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանը:
Կառավարության նիստում ՄԻՊ-ի ֆինանսավորմանը վերաբերող հարցը չզեկուցվողների շարքում էր, նիստին ներկա չէր մարդու իրավունքների պաշտպանը։ Վերջինիս խոսքով՝ ինքը տեղյակ էլ չի եղել, որ հարցն այդ օրն է քննարկվելու, մինչդեռ, ըստ Թաթոյանի, նախագիծը պետք է հանրային մանրամասն քննարկում անցներ, պահպանվեր թափանցիկության սկզբունքը։
ՄԻՊ-ը մի շարք առարկություններ էր ներկայացրել, որոնք սակայն չեն ընդունվել։ Արման Թաթոյանի խոսքով՝ առաջարկել է նաև՝ եթե երկրում կրճատումներ են հայտարարված, որոնք վերաբերում են բոլոր պետական մարմիններին, ապա այդ դեպքում կարող են պաշտպանի հետ քննարկել, թե որոնք են ՄԻՊ-ի համար այդ տարի գերակայութունները և ըստ այդմ՝ իրենք պատրաստ են զիջումների։
«Բայց, նորից եմ կրկնում, եթե դա ունի օբյեկտիվ հիմք, այսինքն՝ վերաբերում է բոլոր պետական մարմիններին և խտրական մոտեցում չէ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ: Ասեմ ավելին՝ անցյալ տարի և միշտ է այդպես եղել, կառավարության առաջարկով մենք գումարներ միշտ էլ վերադարձրել ենք, օրինակ, անցյալ տարի 24 միլիոնից ավելի գումարով նվազեցվել է մեր պետական բյուջեն, և մեզ առաջարկել են մեր գործընկերները, և մենք համաձայնել ենք և վերադարձրել ենք պետական բյուջե: Իհարկե, կառավարությունը չհամաձայնեց իմ այս առաջարկին և գնացին այն ճանապարհով, որ ամբողջությամբ դուրս հանել սահմանափակումը», - հավելեց Արման Թաթոյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան բյուջեն կազմում է ավելի քան 530 միլիոն դրամ (532 մլն 480 դրամ)։ Թաթոյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին էականորեն աճել է իրենց ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը։ Եթե 2015-ին եղել է 5214 բողոք, ապա 2020-ին թիվը եռապատկվել է հասնելով շուրջ 15 հազարի (2016-ին՝ 5113, 2017-ին՝ 6417, 2018-ին՝ 10754, 2019-ին՝ 13140, 2020-ին՝ 14780)։
Օմբուդսմենի պնդմամբ՝ եթե ԱԺ-ն ընդունի կառավարության նախագիծն, ապա կդադարի, օրինակ, ՄԻՊ-ի արագ արձագանքման հնարավորությունը, կկրճատվեն պաշտպանի աշխատակազմի աշխատողների թիվը, տարբեր հաստատություններ այցերը և այլն։ Ի դեպ, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին տվյալներով հանրության շրջանում ունի ամենաբարձր վարկանիշը։
Կառավարությունը շուրջ մեկ ամիս առաջ էլ տնտեսական խնդիրները լուծելու հիմնավորմամբ կրճատել էր ՄԻՊ-ի աշխատակազմին կցված մեքենաների թիվը՝ 11-ից թողնելով 8-ը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կառավարության այս մոտեցումն անհասկանալի է համարում։ Մարդու իրավունքներին առնչվող ոլորտները չպետք է ենթարկվեն կրճատումների, վստահ է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Ինձ համար, օրինակ, անհասկանալի է՝ եթե դուք ձեր նույն պրեմիաների հարցը չեք կրճատում, ո՞նց է կարելի կրճատել ՄԻՊ-ի համար անհրաժեշ այդ գումարները: Առհասարակ ազգային կանխարգելիչ մեխանիզմների հետ կապված վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա: 44-օրյա պատերազմի ընթացքում իրենք արեցին շատ մեծ ծավալի աշխատանք, աննկարագրելի մեծ ծավալի աշխատանք և չգնահատել ու իրավիճակը չկարողանալ գնահատել, ճիշտ եզրահանգումներ չանելը ճակատագրական սխալ է լինելու, և մենք սրա հետևանքները դեռ տեսնելու ենք»
Օրենսդրական առաջարկին արդեն արձագանքել է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ այս անհանգստացնող զարգացումները միայն կխորացնեն Հայաստանում առկա ճգնաժամը։ Ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների առանց խոչընդոտների գործունեությունը։
Այսօր Արման Թաթոյանը հայտնեց նաև, որ պատերազմից հետո կառավարությունից տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանին այլևս չեն հրավիրում կառավարության նիստերին։
«Սա ուղղակի խայտառակություն է, որովհետև ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու այն բոլոր հարթակներում, այն բոլոր քննարկումների ժամանակ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Չկա այդպիսի օրենսդրական կարգավորում, որը չի վերաբերում մարդու իրավունքներին», - ընդգծեց Կարապետյանցը:
Ավելի ուշ, վարչապետի խոսնակը հայտնեց՝ Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառն այն է, որ ինչ-որ պահից Արման Թաթոյանն ունենալով մասնակցության հրավեր՝ անձամբ կառավարության նիստերին չի ներկայացել։
Ի պատասխան՝ օմբուդսմենի աշխատակազմը ուշ երեկոյան հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված է. - «Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ»:«Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո», - շեշտում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: