Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է տեղական համայնքների տասնյակ պատգամավորների, ընդդիմադիր գործիչների ու անկախ լրագրողների, որոնք մասնակցել են Open Russia Civic Movement հասարակական կազմակերպության խորհրդաժողովին։
Բրիտանական այդ կազմակերպությունը ընդգրկված է Ռուսաստանում անցանկալի համարվող կառույցների շարքում։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, ոստիկանները համաժողովի վայր են ժամանել քննարկման մեկնարկից 40 րոպե անց, ընդհանուր առմամբ ձերբակավել է 170 մարդ։
«Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2015 -ին, դրա համաձայն, այդ որակումը կարող է տրվել այն օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց գործունեությունը, ըստ իշխանությունների, վտանգում է Ռուսաստանի սահմանադրական կարգը, մարտունակությունը կամ անվտանգությունը։