«Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր, Արցախը ունեցել է, կա ու կունենա Զինված ուժեր՝ ավելի մոբիլ, ավելի մարտունակ»,- այս մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լրատվամիջոցն առայժմ հրապարակել է հարցազրույցի անոնսը։ Բալասանյանը «Օր․ Թեմա» հաղորդաշարի ընթացքում նաև վստահեցրել է՝ Արցախը չի լինի «որևէ մեկի գրկում»։
«Արցախը երբևիցե չենք թողնելու` որևիցե մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական, ավելի քան վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա», - ասել է ԱԽ քարտուղարը։
Պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ունենա սեփական Զինված ուժեր։ «Թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», - հունվարին Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` սպառնալով «ադրբեջանական երկաթյա բռունցքով»։