Նավալնին «Կոլչուգինո» բանտից տեղափոխվել է Վլադիմիրովսկի շրջան

Հունվարի 18-ից կալանքի տակ գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Կոլչուգինո» բանտից տեղափոխվել է Վլադիմիրովսկի շրջան, այս մասին ասվում է նրա թվիթերյան էջում։ «Վեդոմոստի» թերթի տվյալներով` քաղաքական գործիչը «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կկրի Վլադիմիրովսկի շրջանի Պոկրովի թիվ 2 բանտում։

Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից Գերմանիայում բուժումը ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ընդդիմադիր գործչի մեղադրանքները Արևմուտքում շինծու են համարում, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ի պատասխան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։