Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան, վստահ է արտգործնախարարը

Ներհայաստանյան իրավիճակի մասին

Արտգործնախարար Արա Այվազյանը չի կիսում տեսակետները, թե Հայաստանում տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ էր:

«Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան», - «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Այվազյանը` հավելելով, թե Հայաստանը շարունակում է տիրել ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը կհարթվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Փետրվարի 25-ին, հիշեցնենք, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջ ներկայացրին։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց:

«Միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»

Հայաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարն անդրադարձել է նաև ավելի վաղ արված հայտարարությանը, որ առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում, Արա Այվազյանն ասել է. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում»:

Արտգործնախարարի համոզմամբ` Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ, ընդգծել է` աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում. «Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ:

Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»:

ՀՀ-ն պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար, պնդել է արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ հիշեցրել է. «Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար»։