Միացյալ Նահանգների նախկին չորս նախագահներ՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման՝ իրենց տիկնանց հետ, նկարահանվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման կոչով սոցիալական գովազդում։ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը և տիկինը՝ Մելանիա Թրամփը չեն մասնակցել դրան։
Սպիտակ տան նախկին ղեկավարներն այդ գովազդում բացատրում են, թե ինչու է կարևոր պատվաստումը։ Օբաման, օրինակ, ասում է՝ ցանկանում է կրկին հանդիպել տիկնոջ մոր հետ, Բուշ կրտսերը՝ ցանկանում է Texas Ranger մարզադաշտ գնալ։
CNN-ի տվյալներով՝ Թրամփն ու կինը դեռևս հունվարին են գաղտնի պատվաստվել:
Միացյալ Նահանգների բնակչությունն արագ տեմպերով պատվաստվում է Moderna-ի և Pfizer/ BioNTech-ի դեղամիջոցներով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս արդեն պատվաստվել է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև մայիս յուրաքանչյուր ամերիկացի հնարավորություն կունենա COVID-19-ի դեմ պատվաստվել։
ԱՄՆ-ը կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է, որտեղ վարակվել է շուրջ 30 միլիոն, մահացել՝ մոտ 550 հազար մարդ։