Անհայտ կորած զինծառայողների մայրերը որոշել են դիմել ՌԴ նախագահին՝ օգնելու որդիներին գտնելու հարցում

«Մեր բոլորի խնդրանքը, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, աղերսագին խնդրում ենք հետ վերադարձրեք, օգնեք տուն վերադառնան մեր զինվորները», - անհայտ կորած զինծառայողների հուսահատ մայրերը այս անգամ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահին են որոշել խնդրանքով դիմել՝ օգնելու իրենց անհայտ կորած որդիներին գտնելու հարցում։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված հուսահատ մայրերը արդեն դիմել են բոլոր պատկան մարմիններին, ասում են՝ սպառել են բոլոր միջոցները, բայց որևէ արդյունք չեն ստացել։ Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիները գերեվարված են, իսկ Ադրբեջանը ոչ անուններ է հրապարակում, ոչ էլ վերադարձնում։

«Ինչպես մենք տարածքները վերադարձրինք, գերիներին վերադարձրինք, 8-րդ կետի համաձայն, պահանջում և խնդրում ենք, որպեսզի Ադրբեջանը պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչի վերահսկողության ներքո մեզ վերադարձնի նաև բոլոր գերիներին՝ ռազմագերիներին, գերիներին, բոլոր այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում», - իրենց պահանջը ներկայացրեց հավաքվածներից մեկը:

Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ փակում է Պաշտպանության նախարարության մուտքն ու կոչ արեց բոլորին գնալ ու միանալ իրեն՝ փակել նախարարության մյուս մուտքերը։ Նախարարության դիմաց հավաքված ծնողները հրաժարվեցին հարցազրույց տալ և թույլ չտվեցին նկարահանել իրենց բողոքի ակցիան, իսկ նման քայլի դիմելու պատճառը Արսեն Ղուկասյանը պարզաբանել էր նույն ուղիղ եթերում։

«Ես երկու ժամից ավելի է այստեղ եմ, մենք ուզեցինք պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունենալ, որովհետև շատ անհետաձգելի ու շատ կարևոր հարց կար, ու բոլորդ գիտեք՝ ինչ հարցի շուրջ է մեր հարցը միշտ: Բայց այս մարդիկ մեզ երկու ժամից ավելի կանգնացրեցին այստեղ, նախարարն ասացին՝ այստեղ չի, փոխնախարարներից ոչ մեկ չբարեհաճեց մեզ ընդունի: Ասում են գնացեք 6-ին կգաք, մենք ասում ենք՝ հարցը շատ կարևոր է, շատ լուրջ է, ոչ մեկ մեզ չի ընդունում: Արդեն, կոպիտ ասած, թքած ունեն թե՛ մեր վրա, թե՛ մեր երեխաների վրա», - նշեց Ղուկասյանը:

Պաշտպանության նախարարության շենքի մոտ գտնվելու ընթացքում նկատեցինք, որ ծնողներին մոտեցել էր փոխնախարար Արման Սարգսյանը, ում հետ զրուցել մենք չկարողացանք։ Հավաքված ծնողները, սակայն, հանդիպում են պահանջում հենց նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։