ՀՅԴ Բյուրոն ընտրել է կուսակցությունում ներքին ճեղքեր բացելու ուղին՝ հարված հասցնելով Դաշնակցության կայունությանը, նպատակ ունի ճնշել Արևմտյան Ամերիկայի դաշնակցականների ազատ կամարտահայտությունը՝ կասեցնելով շրջանային ժողով գումարելու և նոր կենտրոնական կոմիտե ընտրելու տեղի դաշնակցականների նախապատրաստական աշխատանքը ու նշանակելով նոր կենտրոնական կոմիտե, ասված է 1908 թվականից Կալիֆորնիայում լույս տեսնող և ՀՅԴ պաշտոնաթերթը համարվող «Ասպարեզ»-ում ժամեր առաջ հրապարակված «ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի» հայտարարությունում։
Այս աննախադեպ հայտարարության հեղինակները ՀՅԴ Բյուրոյին մեղադրում են ժողովրդավարությանը դեմ գործելու մեջ. - «Մեր կազմակերպական շրջանին հասցուող վերջին եւ հերթական հարուածը եկաւ, երբ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէութիւնը կը պատրաստուէր գումարելու իր 55-րդ Շրջանային ժողովը, որ ի շարս այլ քննարկումներու նաեւ պիտի ընտրէր զինք ղեկավարող Կեդրոնական կոմիտէ: Մեզի համար անհասկնալի, եւ կանոնագրային հասկացողութիւններու մէջ չտեղաւորուող քայլով մը, ՀՅԴ Բիւրոն կասեցուց ժողովը եւ նշանակեց Կեդրոնական կոմիտէ, այսպիսով խախտելով շարքայիններուն՝ ընտրելու իրաւունքը ու ոտնակոխելով ժողովրդավարութեան հիմնական արժէքը, որուն կրողը եղած է ու պէտք է ըլլայ Դաշնակցութիւնը: Այս իսկ պատճառով եւ ի հեճուկս Բիւրոյի՝ արգելակելու փորձերուն, եւ այլ ելք չգտնելով, Շրջանի կազմակերպական միաւորներու պատգամաւորները կազմակերպական կարգ ու կանոնը յարգելով, գումարուեցին Շրջանային ժողով, եւ ընտրեցին կեդրոնական կոմիտէ: Այս քայլը կը վայելէ ոչ միայն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի, այլ նաեւ նման քայլերու թիրախ դարձած այլ շրջաններու դաշնակցականներու լայն զանգուածին աջակցութիւնը»։
Հայտարարության հեղինակների պնդմամբ, ՀՅԴ Բյուրոն ընտրել է անընդունելի և իրենց կողմից մերժված կարգապահական տնօրինումների ճամփով իր կամքը պարտադրել շարքայիններին․ - «Յստակ է, որ ներկայ ղեկավարութիւնը կը նախընտրէ սպառնալիքի եւ բռնադատելու ընտրանքը, անտեսելով երկխօսութիւնն ու բանավէճը։ Անհեթեթ, քանդիչ եւ խիստ դատապարտելի կը գտնենք Բիւրոյի այն յերիւրանքները, ըստ որոնց իբր թէ կալուածներ ու հաշիւներ «զաւթուած» են, որովհետեւ բոլոր ոչ-շահութաբեր հասարակական կազմակերպութիւնները, որոնք կը գործեն այս համայնքէն ներս, ամէն բանէ առաջ կը վերահսկուին Միացեալ Նահանգներու դաշնակցային եւ Քալիֆորնիոյ օրէնքներուն ներքոյ: Անոնց հաշիւները կը տնօրինուին անկախ հաշուապահական հաստատութիւններու կողմէ, որոնք հերթական քննութիւններ կատարելով, անոնց արդիւնքները կը հաղորդեն Ներքին եկամուտի սպասարկութեան (IRS), երկրին օրէնքներուն համաձայն։ Այս բոլորը գրեթէ անկարելի կը դարձնեն, որ որեւէ անհատ կամ խմբակ «զաւթէ» որեւէ գումար կամ հիմնարկ»։
Հայտարարության հեղինակները եզրափակում են, թե ավելի քան 130 տարվա պատմության ընթացքում Դաշնակցությունը բնական հետևողականությամբ իրացրել է ապակենտրոնացման գործելաձևը, և ՀՅԴ կանոնագրքի առաջին էջերում հաստատվում է կուսակցության կազմակերպական ապակենտրոնացման կարևորությունը. - «Անոնք եղած են ցարդ եւ կը մնան մեր կուսակցական կառոյցի եւ գործելակերպի հիմնական սկզբունքները»։
Կալիֆորնիայում ժամանակը 12 ժամ հետ է երևանյանից, անցած ժամերին այնտեղ գիշեր էր, ուստի օրվա ընթացքում չկարողացանք կապվել տեղի դաշնակցականների հետ։
Երեք օր առաջ՝ մարտի 8-ին տարածվել էր ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, թե ԱՄՆ-ում Դաշնակցության արևմտյան շրջանի կառույցում երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ վարած մի խմբակ, հիմնականում՝ տարված փառատենչությամբ, իրենց կարգի համախոհներով և որոշ այլ մոլորյալներով, ՀՅԴ. կազմակերպական կանոնների թյուր և կամայական մեկնաբանություններով խախտել են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։
«Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին» որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները», - ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։
Բյուրոյի հայտարարությունը շարունակում է, թե ձեռնարկվել են քայլեր՝ շրջանում հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը, գործում է օրինական Կենտրոնական կոմիտե, որ Արևմտյան Ամերիկայում Դաշնակցության անունով հանդես գալու շրջանային միակ օրինական և իրավասու մարմինն է, Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է ընկեր Ռոստոմ Այնթապլեանը։
Նշելով, թե ՀՅԴ 130-ամյա պատմության ընթացքում նման երևույթները աննախադեպ չեն՝ միաժամանակ Բյուրոն տեղեկացնում է, որ ծանր հակակարգապահական հանցանքների համար կուսակցության շարքերից արտաքսել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներին՝ Աւետիք Իզմիրլեանին, Քարմէն Օհանեանին, Լևոն Կիրակոսեանին և Կարօ Իսբէնճեանին։
Թե ընտրություններ անցկացնելու փոխարեն ՀՅԴ Բյուրոն ինչու է որոշել պարզապես նշանակել Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտե, Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց․ - «Ժողովը ինքը իր էությամբ հակականոնագրային է, կանոնագրով պահանջված պայմանները չէր լրացրել, և դրա համար էլ պետք չէր, որ գումարվեր։ Իսկ մնացածը կազմակերպության կանոններով ճշտված աշխատելաձև է, որ տարբեր իրավիճակներում կուսակցությունը շարժվելու հնարավորություն կունենա։ Եվ դա այնպես չէ, որ այս նշանակովի մարմինը առհավետ նշանակված պիտի մնա։ Փորձելու է այս քովիդի պայմաններում ընտրություններ կազմակերպել և այդ ընտրություններն իրենց արդյունքը կտան»։
Հարցին, թե Կենտրոնական կոմիտե նշանակելու փոխարեն ընտրություններ չեն նախաձեռնվում, Մանոյանը պատասխանեց․ - «Էս քովիդի պատճառով չէր կարողացել ժողովի բոլոր պատգամավորները ընտրվեն։ Եղել են ընտրություններ։ Այսինքն՝ պետք է ամենաներքևի միավորը ընտրի իր պատգամավորներին, այս քովիդի պատճառով չէին կարողացել բոլորը ընտրել։ Դեռ չեմ խոսում ընտրվածների խախտումների մասին»։
Իսկ հարցին, թե երբ տեղի կունենան նոր ընտրությունները, Մանոյանն արձագանքեց․ - «Հնարավորինս շուտ։ Երբ որ պայմանները թույլատու կլինեն, որ ընտրվեն պատգամավորներ և կարելի լինի հավաքվել»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ արևմտյան հատվածում ՀՅԴ անշարժ և շարժական գույքի ճակատագրին, Մանոյանը կարճ արձագանքեց՝ երբ այդ հարցը կլուծենք, կհայտարարվի այդ մասին։