Այսօր Թբիլիսի է ժամանում Եվրամիության բանագնացը

Քրիստիան Դանիելսոն

Պաշտոնական Բրյուսելի հանձնարարությամբ ու նախաձեռնությամբ առաջիկա ժամերին Թբիլիսի կժամանի Եվրամիության բանագնաց Քրիստիան Դանիելսոնը՝ առանձնահատուկ առաքելությամբ:

Առաջիկա օրերին շվեդ դիվանագետը պիտի փորձի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել վրաստանյան ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչներին։

Հանձնարարությունը դյուրին չէ․ կրքերը երկրում բորբոքվում են արդեն ավելի քան կես տարի։ Ընդդիմադիրները մինչև օրս չեն ընդունում անցած հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իշխող «Վրացական երազանքին» մեղադրում են ընտրակեղծիքների ու ճնշումների մեջ ու պահանջում նոր քվեարկություն։ Ամիսներ շարունակվող այս լարվածությունը շաբաթներ առաջ հասավ իր գագաթնակետին, երբ իրավապահները գրոհեցին երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ «Ազգային միացյալ շարժման» գրասենյակն ու կալանավորեցին կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի աջակից Նիկա Մելիային։

Հիմա արդեն ընդդիմադիրները փողոց են դուրս գալիս և պողոտաներ փակում ոչ միայն արտահերթ ընտրությունների, այլև քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Իշխանությունը փոխզիջման գնալու որևէ նշան մինչև օրս ցույց չէր տալիս, սակայն ժամանակը փաստացի, աշխատում է նրանց դեմ․ ընդամենը մեկ շաբաթից՝ մարտի 16-ին, Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիություն - Վրաստան ասոցացման խորհրդի հերթական նիստը, որտեղ եվրոպական կողմը, ի թիվս այլ հարցերի, գնահատելու է նաև, թե որքանով է կայացած ու ամուր ժողովրդավարությունը երկրում, որը հավակում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ։

Կարևոր այդ հանդիպմանն ընդառաջ՝այսօր, Վրաստանի վարչապետը շտապեց հայտարարել՝ պաշտոնական Թբիլիսին պատրաստ է անել հնարավորը փոխզիջումներ գտնելու համար․ - «Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և ամբողջովին ընդունում ենք մեր եվրոպացի գործընկերների խորհուրդը՝ Կառավարությունն ու ընդդիմությունը պետք է ընդհանուր հայտարարի գան և փոխհամաձայնության հասնեն որքան հնարավոր է արագ, որպեսզի խորհրդարանը կարողանա սկսել իր աշխատանքը ու վերադառնա նորմալ քաղաքական գործունեության։ Մենք բոլորս պետք է առաջնորդվենք Վրաստանի ժողովրդի ու պետականության շահերով»։

Թե քանի օր է մնալու Բրյուսելի հատուկ բանագնացը Թբիլիսիում, պաշտոնապես դեռ չի հաղորդվում։ Այցի մեկնարկին, սակայն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս մեկ անգամ հարկ է համարել հայտարարել, որ Եվրոպան շարունակելու է ակտիվ ջանքերը, որպեսզի առաջ մղի իր արժեքները Վրաստանում։

Եվրոպական միության՝ օր-օրի ակտիվացող ջանքերի ֆոնին Մոսկվան ևս ձեռքերը ծալած չի նստում։ Թեև 2008-ի ռուս - վրացական պատերազմից ի վեր՝ ավելի քան տասը տարի, երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն դա չի խանգարում Կրեմլին հոգ տանել Թբիլիսիի մասին։ Նախօրեին, մասնավորապես, հատուկ հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ պնդելով, թե Արևմո՛ւտքը, մասնավորապես Վաշինգտոնն է «մեղավոր» վրացական ներքաղաքական ճգնաժամի համար։

«Միացյալ Նահանգները դեռ Սաակաշվիլիի իշխանավարման ժամանակներից սովոր են հեռվից կառավարել վրաստանյան քաղաքական գործընթացները։ Վերջին ժամանակներս, մինչդեռ, Վաշինգտոնում աճում է դժգոհությունը «Վրացական երազանքից», քանի որ իշխող ուժը հլու-հնազանդ չի հետևում ամերիկյան պահանջներին», - հայտարարել է Ռուսաստանի գլխավոր հետախույզը՝ պնդելով, թե սեփական կամքը թելադրելու համար Ամերիկան հիմա ոչ միայն ինքն է աջակցում վրաստանյան ընդդիմությանը, այլև դրան է մղում եվրոպացի գործընկերներին։

Նարիշկինի այս հայտարարությունը իսկական փոթորիկ էր առաջացրել վրաստանյան՝ առանց այդ էլ լարված քաղաքական մթնոլորտում։ Ընդդիմությունը շտապել էր փաստել՝ Մոսկվան բաց տեքստով անհանգստանում է «Վրացական երազանքի» մասին ու ցույց տալիս իր սերտ կապերն այդ կուսակցության հետ։ Իշխանությունն իր հերթին պնդել էր, թե «ռուսները շատ լավ են հասկանում, որ իրենց կողմից ցանկացած աջակցություն իրականում հակառակ ազդեցությունն է ունենալու, և դիտմամբ են գնում այդ քայլին՝ իշխանությանը վարկաբեկելու համար»։

Կրեմլին պարզապես հանգիստ չի տալիս մեր սերտ համագործակցությունը արևմուտքի հետ, այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին՝ ընդգծելով, որ Նարիշկինի հայտարարությունը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի վառ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են ռուսները փորձում պառակտել վրացական հասարակությունը, մարդկանց մեջ անվստահություն ու անտարբերություն սերմանել, և իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»։