Ըստ սոցհարցման` 33 տոկոսը ձայն կտար ՔՊ-ին, 3-ը` ԲՀԿ-ին, եթե ընտրությունները հաջորդ կիրակի լինեին

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է սոցհարցման թարմ տվյալներ, որում ներառված են նաև քաղաքական ուժերի վարկանիշերը։

Որ կուսակցությանը կընտրեիք, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեին հաջորդ կիրակի։ Հարցվածների 33 տոկոսը պատասխանել է, որ կընտրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին է արտահայտվել հարցվածների 2 տոկոսը։

Մեկական տոկոս ձայն, ըստ հարցման, կստանան Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Սասնա ծռեր» կուսակցությունները, «Հայրենքի փրկության շարժումը»։ «Լուսավոր Հայաստանը» կստանա մեկ տոկոսից քիչ ձայն։ Հարցվածների 42 տոկոսը ասել է, որ ոչ մի ուժի օգտին չի ուզում քվեարկել։