Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպմանը` սահմանափակումներով

Գրեթե մեկ ու կես տարի անց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը կկարողանան ներկա գտնվել նաև ֆուտբոլասերները. ճիշտ է սահմանափակումներով՝ նստարանների քանակի ընդամենը 30 տոկոսի չափով։ Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անցնում էին առանց երկրպագուների։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալի Իսլանդիայի ընտրանուն, այս հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են։ Երեք օր անց էլ՝ մարտի 31-ին, կրկին Երևանում հավաքականն իր ուժերը կչափի ռումինացիների հետ։ Մինչ այդ՝ մարտի 25 -ին, հավաքականը դրսում կխաղա Լիխտեյնշտայնի ընտրանու դեմ։

Այս հանդիպումներին ֆուտբոլասերներն անհամբեր սպասում են. «Շատ սպասված պահ է բոլոր երկրպագուների, ֆուտբոլասերների համար, որովհետև տեսնում ենք խաղերում թե Հայաստանի հավաքականի, թե մինչև երկրպագուների գալը, Հայաստանի առաջնության, թե եվրոպական ֆուտբոլում առանց երկրպագուների խաղը այն չի մի տեսակ, ոնց որ չկա այն էնտուզիազմը ոչ դաշտում, ոչ էլ դիտարժանությունը համեմատաբար շատ է ընկնում առանց երկրպագուների»:

Երկրպագուների ՖԱՖ շարժումը պատրաստվում է առաջիկա հանդիպումներին, սակայն մանրամասներ առայժմ չեն հայտնում։ ՖԱՖ անդամ Մհեր Խուդավերդյանը վստահ է՝ երկրպագուների ներկայությունը ոգևորելու և օգնելու է թիմին. «Հավաքականից սպասումներն իրոք շատ մեծ են, ու հույս ունենք` մենք էլ մեր` խաղադաշտում լինելով, մեր անմնացորդ նվիրումով ու աջակցությունով կկարողանանք հավաքականին էլ ավելի մեծ ուժ տալ, որպեսզի այս խաղերում բավականին պինդ հավաքականների դեմ` Ռումինիայի ու Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերում գրանցել ցանկալի արդյունք»:

Իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ 2020 թվականին Հայաստանի հավաքականը լուրջ հաջողության հասավ՝ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի խմբում առաջին տեղը գրավելով։ Ազգերի լիգայի վերջին հանդիպումները համընկան պատերազմի հետ, ՈւԵՖԱ-ն որոշեց Հայաստանի և Ադրբեջանի տնային հանդիպումներն անցկացնել այլ երկրում։ Այդ պայմաններում անգամ թիմին հաջողվեց իր ենթախմբում առաջին տեղը զբաղեցնել. «Նույնիսկ առանց երկրպագուների հավաքականը կարողացավ ֆոնեմենալ արդյունք գրանցել` Ազգերի լիգայում խմբում հաղթանակը, որը կարելի է ասել` առաջին հաղթանակն էր որևէ պաշտոնական խմբում, ինչը թե երկրպագուներին, թե ֆուտբոլիստներին մեծ ոգևորություն է տվել»:

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի նույն խմբում ընդգրկված են նաև Գերմանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնց հետ առաջին հանդիպումները թիմն աշնանը կանցկացնի. «Առհասարակ կանխատեսումներ ես չեմ սիրում անել, փորձում եմ կանխատեսումներ չանել: Իհարկե, մեր սպասումները միշտ մաքսիմալն են ոչ միայն արդյունքի տեսանկյունից, այլ նաև նվիրումի տեսանկյունից: Շատ կարևոր է, որ հավաքականը նվիրվի խաղերին, այղ երեք խաղերին Լիխտեյնշտայնի, Իսլանդիայի և Ռումինիայի դեմ: Վստահ ենք, որ լինելու է այդ նվիրումը հավաքականի ֆուտբոլիստների կողմից, ու վստահ ենք, որ գրանցելու ենք ցանկալի արդյունք»:

ՖԱՖ անդամն ասում է՝ հավատում են հավաքականին, որն այժմ շատ ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ։