Մյանմայում զինվորականությունը խուզարկություններ է սկսել ամենամեծ քաղաքում` Յանգոնում` ձերբակալելու երկաթուղայիններին, որոնք գործադուլ են հայտարարել փետրվարի սկզբին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ։ Օրվա երկրորդ կեսին էլ ոստիկանությունը կրկին ուժ ու հրազեն է կիրառել՝ բողոքի ցույցերը ցրելու համար։
Ընդհանուր առմամբ, արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող բռնաճնշումների ընթացքում ձերբակալվել է երկու հազար, սպանվել ավելի քան 60 ցուցարար։ Մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ Նյու Յորքում չի հաջողել միասնական հայտարարություն ընդունել Մյանմայի հարցով, որը նախատեսում էր դատապարտել ռազմական հեղաշրջումը, կոչ էր անում զինվորականներին զսպվածություն ցուցաբերել և սպառնում «հավելյալ քայլեր ձեռնարկել», եթե այս կոչերն անտեսվեն։
«Մեծ Բրիտանիայի հեղինակած այդ փաստաթուղթը մերժել են Չինաստանը, Վիետնամը, Հնդկաստանն ու Ռուսաստանը»,- հաղորդում է «Ֆրանսպրեսը»՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։