Պայթյունավտանգ իրավիճակի բուն պատճառը պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, վստահ է Տեր-Պետրոսյանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ևս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, միաժամանակ ողջունում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Այս մասին Հայ ազգային կոնգրեսի ղեկավարի հայտարարությունը փոխանցում է Ilur.am-ը:

«Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով», - վստահ է Տեր-Պետրոսյանը։

Դրանով հանդերձ, նա կրկնում է, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է համարում։

«Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։

Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն և ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է», - շեշտում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա իր ուղերձում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։