Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը, Անկարա, 19 դեկտեմբերի, 2016թ.

Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին:

Դատարանը Սալիհ Յիլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին մեղավոր է ճանաչել մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են երկուական ցմահ ազատազրկման:

Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, ևս ութ ամբաստանյալ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Այդ գործով անցնող և փախուստի մեջ գտնվող ևս 9 ամբաստանյալների, այդ թվում` Միացյալ Նահանգներում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի գործերն անջատվել են առանձին վարույթով: