Արցախի նախագահի մոտ քննարկվել են տեղահանված հադրութցիների խնդիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է տեղահանված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Համաձայն հաղորդագրության, քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին Արցախի այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների մոտեցումը համայնքների՝ համապարփակ բնակավայրերով պահպանումն է, իսկ առանձին դեպքերում հնարավոր են նաև այլ որոշումներ: Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական բնույթի հարցեր: Շրջանի ճակատագրի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: