Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 61-ամյա մարզիչ Յոաքիմ Լյովն այսօր ասել է, որ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կազատի պաշտոնը, թեպետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար անցյալ տարվա ամռանը, սակայն ՈՒԵՖԱ-ն այն մեկ տարով հետաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Լյովը 2004 թվականին է միացել հավաքականին՝ նախ որպես գլխավոր մարզիչ Յուրգեն Քլինսմանի օգնական: 2006 թվականին նա դարձել է գլխավոր մարզիչ:
Լյովի ղեկավարությամբ Գերմանիայի ազգային հավաքականը 2008 թվականին հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջել է Իսպանիայի ընտրանուն:
2014 թվականին Գերմանիայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն, եզրափակիչում 1-0 հաշվով հաղթելով Արգենտինայի թիմին, իսկ 2017 թվականին շահել է ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Չիլիի հավաքականին:
2018 թվականին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Գերմանիայի ընտրանին չի հաղթահարել առաջին փուլը, ինչը համարվել է ամենաանհաջող ելույթներից մեկը հավաքականի ամբողջ պատմության ընթացքում:
Յոաքիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի ազգային հավաքականը (Die Mannschaft) անցկացրել է 189 խաղ, որոնցից 120-ում հաղթել է, 31-ում պարտություն է կրել, ևս 38 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Լյովը երիտասարդ տարիներին առաջին Բունդեսլիգայի թիմերում հարձակվող է եղել, իսկ հավաքականի մարզիչների խմբին միանալուց առաջ ակումբներ է մարզել Թուրքիայում և Ավստրիայում: