Ռուսները հերքում են կորոնավիրուսի դեմ արևմտյան վակցինայի նկատմամբ անվստահություն տարածելու մեղադրանքը

Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն այսօր խստորեն քննադատել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ռուսական գաղտնի ծառայություններն ապատեղեկատվություն են տարածում ամերիկյան պատվաստանյութերի մասին:

Կոսաչևն այդ պնդումներն անվանել է «անամոթ և բացարձակ անարդար մրցակցության» վկայություն:

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հրապարակել է հոդված, ըստ որի ռուսական հետախուզությունը համակարգում է ապատեղեկատվական արշավը, որի նպատակն է խարխլել հանրության վստահությունը կորոնավիրուսի դեմ Արևմուտքում արտադրված պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության նկատմամբ:

Ռուսական կողմը նշում է, որ մշտապես հերքել է նմանօրինակ մեղադրանքները և արևմտյան երկրներին բազմիցս առաջարկել է համագործակցել վակցինա ստեղծելու հարցում: