Կառավարությունը որոշել է դադարեցնել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնավարումը

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը պարզաբանեց․ - «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Նաղդալյանը:

Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020-ի հուլիսին։ Մինչ այդ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։