Լարսը կրկին փակվել է բեռնատարների համար

Բեռնատարներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 270 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցներից ստացած տեղեկատվությունը։

Անբարենպաստ եղանակի պատճառով տևական ժամանակ լրիվ կամ մասնակի փակ մնալուց հետո փետրվարի վերջին Լարսի ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը այսօր առավոտյան հայտնում է նաև, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Լոռու մարզում, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։