Գյումրու դրամատիկական թատրոնը հետաձգված 155-րդ թատերաշրջանը բացեց կատակերգությամբ

Գյումրիի դրամատիկական թատրոնը համավարակի ու պատերազմի պատճառով հետաձգված իր 155-րդ թատերաշրջանը կատակերգական ներկայացմամբ բացեց։ Ինչո՞ւ կատակեգություն, այլ ոչ դրամա, որ մեր օրերին ավելի համահունչ կլիներ։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ հատկապես պատերազմից հետո, երբ զգացվում է լավատեսության ու սիրո պակաս, թատրոնը փորձում է լրացնել այդ բացը․ - «Հաճախ ինձ հարցրել են՝ արդյո՞ք հիմա կատակերգություն բեմադրելու ժամանակն է։ Այո, ես էդպես եմ կարծում։ Բայց սրա կողքին մենք հստակ ասում ենք, որ մենք ոչինչ չենք մոռանում։ 2021 թվականին թատրոնի խաղացանկը պիտի լինի ավելի պարզ, ավելի թեթև։ Ավելի կոմեդիաներ կլինեն, ավելի շատ կխոսենք սիրո մասին, ավելի շատ կխոսենք համերաշխության մասին, կփորձենք մեր հանդիսատեսի հետ խոսել ջերմ ու ավելի շատ լավ բաների մասին։ Գոնե թատրոնը փորձի ինչքան հնարավոր է դրական լիցքեր փոխանցի հանդիսատեսին։ Սկզբունքորեն դրամաներ չենք պատրաստվում բեմադրել 2021 թվականին»։

Պիեսի հեղինակը գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանն է։ Եթե խոսքը «Քեյսի» մասին է, ուրեմն ամեն ինչ փողի շուրջ է պտտվելու:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ ներկայացումը մեր իրականության մասին է․ - «Մենք բոլորս խորհուրդ ենք տալիս․․․ Էսօր սոցիալական ցանցերում գրում են ճշմարտության մասին, անկեղծության մասին, բոլորը խորհուրդ են տալիս՝ ճշմարիտ ապրեք, էսպես արեք, էնպես արեք․․․ Բոլորը խորհուրդ են տալիս մեզ։ Մեր հերոսն էլ է խորհուրդ տալիս։ Խորհուրդ տալը հեշտ է․․․ Երբ հերթը հասնում է քեզ, արդյոք դու ի՞նչ ես անում։ Հենց սրա մասին է։ Մենք բոլորս խոսում ենք բարոյական արժեքների մասին, քանի մեր գրպանները դատարկ են։ Բայց արդյո՞ք ինքդ քո սկզբունքների մասին ինչ խոսում ես, երբ որ դու հնարավորություն ունես պահպանում ես այդ սկզբունքները։ Իմ հերոսը արվեստագետ է, գրող է, որը հենց էդ փորձության առաջ է կանգնում։ Ներկայացումը ես կուզենամ հատկապես երիտասարդները դիտեն։ Որովհետև երբեմն մենք կարևորում ենք շատ կարևոր արժեքներ, քան իրականում պետք է որ կարևորենք։ Այսինքն՝ մենք երբեմն ունենք մեծ բաներ, որոնք չենք տեսնում ու չենք նկատում ու ձգտում ենք մեկ այլ բանի։ Ու էդ ժամանակ կորցնում ենք շատ կարևոր բաներ մեր կյանքում։ Բայց գոնե գիտենք հետ նայել, ուղղել սխալները, ինչպես իմ հերոսը»։

Պիեսը ծանր պայմաններում ապրող գրողի մասին է, որը գիրք տպագրելու գումար չունի։ Երիտասարդ ընտանիքը վարկերով ու պարտքերով է ապրում: Մի մեծահարուստ գրողին քեյս է նվիրում, որ գումարով գիրքը տպագրի: Դատարկ քեյսը պարզվում է գումար է տալիս միայն ցավի դիմաց: Սկզբում իրեն, ապա դիմացինին ցավ պատճառելով ընտանիքը հարստանում է՝ կորցնելով մարդկային կերպարը: Երբ մեծահարուստը գալիս է տեսնելու, թե գիրքը արդյոք տպագրել է, պարզում է, որ ոչ:

Քեյսը տանելուց հետո բաժանման եզրին կանգնած ընտանիքը միանում է ու գրողը վերջապես գիրքը տպագրում է: Հանդիսատեսը ներկայացումը ջերմ ու երկարատև ծափերով ընդունեց։

Մեկ տարի շարունակ թատրոնն առանց հանդիսատեսի էր: Ներկայացուցմները ողջ տարին համավարակի պատճառով չեղարկվել էին։ Հետևանքը՝ ֆինասական լուրջ խնդիրները։ Թատրոնի տնօրենն ասում է, որ անցած տարի մշակույթի նախարարությունը գումար տրամադրեց, այս տարի դեռ հատկացում չկա:

Կկարողանա՞ թատրոնը 120 աշխատակիցներին պահել, Լյուդվիգ Հարությունյանը դժվարանում է ասել․ - «Մշակույթի նախարարության աջակցությամբ կարողացել ենք ամբողջությամբ փակել 2020 թվականը։ 2021 թվականին, բնական է, նոր ենք սկսում։ Ես անհանգիստ եմ, որովհետև մտավախություն ունեմ, որ գուցե նորից լինեն սահմանափակումներ։ Էսպես թե էնպես, մենք սահմանափակումով ենք։ Կարծում եմ, որ եթե խոչընդոտներ չլինեն, մենք կկարողանանք աշխատել, մենք կկարողանանք նոր ներկայացումներով նորից հանդիսատեսին կանչել թատրոն»։