Իրենք մեր շիրիմներին պետք է ծաղիկներ դնեին․ զոհվածի մայր

Մարտիության շնորհավորանքներին զուգահեռ Եռաբլուրում անսպառ արտասուք է. շատ կանայք այսօր այցելեցին իրենց որդիների, ամուսինների, եղբայրների, հայրերի շիրիմներին։

Իզաբելլա Թաշչյանը իր 23-ամյա որդու մասին անցյալ ժամանակով խոսել չի ցանկանում։ Արթուրի կյանքը խլեց 44-օրյա պատերազմը։

«Շատ բարի, լուսավոր տղա էր․․․ Բոլորին ուղարկում էր թաքստոց, ու ինքն էր․․․ Նոյեմբերի 2-ին վերջին անգամ խոսել ենք, երեկոյան 8-ն անց կես։ դրանից հետո նորից փորձեցինք ու․․․ չէին ասում մեզ ոչինչ», - արցունքները չզսպելով ասում է մայրը։

Արթուր Անտոնյանը ավագ սպա էր, նրա աճյունը հանգչում է հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով մեծացած Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Ինքը սպորտի էր գնում, 114 դպրոցն ա ավարտել Խաչիկ Դաշտենցի անվան, Եվրոպական համալսարանը վերջացրեց, հետո Վազգեն Սարգսյան․․․», - պատմում է Թաշչյանը։

Մարտիության շնորհավորանքներին զուգահեռ Եռաբլուրում անսպառ արտասուք է. շատ կանայք այսօր այցելեցին իրենց որդիների, ամուսինների, եղբայրների, հայրերի շիրիմներին։

Սերգեյ Բաղդասարյանը պատերազմի վերջին օրերին Շուշիից վիրավորներին դուրս հանելիս է վիրավորվել, տեղափոխել են Երևան, որտեղ էլ մահացել է։ Սերգեյի ընտանիքը Շուշիում էր բնակվում։

«Երկու երեխա ունի, ամուսնացած ա, ոստիկանությունում ա աշխատել, հետո թոշակի դուրս եկել։ Հետո էլ գնացել, էնտեղ էր աշխատում։ Բոլորը փախչում էին, ինքն ասաց՝ չէ, կվերջանա, մի քանի օր ա, կգամ, ձեզ հետ կբերեմ», - ասում է Սերգեյի մայրը՝ հավելելով, որ իրենք մեր շիրիմներին պետք է ծաղիկներ դնեին։ - «Ինքը հայրենասեր էր, ընտանիքասեր, հարևանասեր․․․ ամեն առումով լավն էր»։

Միլենա Գրիգորյանն իր ամուսնուն է կորցրել, որի հետ անգամ ապրել չհասցրեց, ամուսնացան թե չէ, պատերազմ սկսվեց. – «Սեպտեմբերի սկզբին էինք եկել Երևան, որ ուսումը շարունակեմ, բժշկականում եմ սովորում։ Երբ պատերազմը սկսվեց, կամավորագրվեց ու էկավ Ստեփանակերտ։ Նոյեմբերի 6-ին է զոհվել»։

Միլենայի ամուսինը՝ Արկադիկ Հախումյանը իր եղբոր հետ զոհվել է Ստեփանակերտում՝ ռմբակածության հետևանքով։

«Ինքը շատ բարի, մեծ սիրտ ունեցող մարդ ա։ Ամեն մեկին ինքը օգնում ա։ Նույնն էլ իրա ախպերը։ Իրանք միշտ էլ տենց են էղել», - ասաց երիտասարդ այրին՝ հավելելով․ - «Աստված ամենալավերին է տանում»։

44 -օրյա պատերազմը հազարավոր մարդկանց կյանքեր խլեց․․․ պատերազմի ավարտից 4 ամիս անց էլ Եռաբլուրում նոր շիրիմներ են ավելանում։