Աշխարհի զբոսաշրջային ուղղությունների մեկ երրորդը համավարակի պատճառով փակ է

Դատարկ լողափ Չեռնոգորիայում, օգոստոս, 2020թ․

Աշխարհի զբոսաշրջային ուղղությունների մեկ երրորդը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջովին փակ է օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության հարցերով գործակալությունը։

Փետրվար ամսվա դրությամբ 217 ուղղություններից 69-ը կամ 32 տոկոսը ամբողջովին փակ է միջազգային զբոսաշրջության համար, այդ թվում 30 ուղղություններ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, 15-ը՝ Եվրոպայում և 11-ը` Աֆրիկայում։

Անցած տարվա մայիսին փակ էր 75 տոկոսը, նոյեմբերին՝ 27 տոկոսը։

«Ուղևորությունների սահմանափակումները լայնորեն կիրառվել են վարակի տարածումը կանխելու նպատակով։ Այժմ, երբ մենք աշխատում ենք զբոսաշրջության ոլորտը վերաբացելու ուղղությամբ, պետք է խոստովանենք, որ սահմանափակումները ընդամենը լուծման մի մասն է», - հայտարարել է ՄԱԿ-ին կից զբոսաշրջային կառույցը։

Կազմակերպության գնահատմամբ՝ 2020 թվականին, որը «զբոսաշրջության պատմության վատթարագույն տարին է», միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը նվազել է մեկ միլիարդով կամ 74 տոկոսով։ Համավարակի պատճառով զբոսաշրջության համաշխարհային ինդուստրիան կորցրել է 1,3 տրիլիոն դոլար, ինչը 11 անգամ գերազանցում է 2009 համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում արձանագրված կորուստները։